27/06/2017 11:51
Երբ կարգադրիչները զննության անվան տակ փորձում են ներթափանցել պայուսակի բոլոր բաժիններ, դա արդեն խուզարկություն է. Տիգրան Եգորյան
Փաստաբանին խուզարկելն արգելվում է, Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Երբ կարգադրիչները զննության անվան տակ սահուն կերպով փորձում են ներթափանցել պայուսակի բոլոր բաժիններ, դա արդեն խուզարկություն է, ինչն օրենքը թույլ չի տալիս», - նշեց նա։
Նշենք, որ դատարանում դեռ չսկսած՝ ընդմիջվեց Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դահլիճից հեռացրեց ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին` ոտքի չկանգնելու պատճառով:
Բացի այդ, փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Արայիկ Պապիկյանին ու Տիգրան Հայրապետյանին ևս թույլ չտվեցին մուտք գործել դահլիճ, քանի որ վերջիններս հրաժարվեցին, որ իրենց պայուսակների պարունակությունը ստուգվի:
Ընդ որում, Տիգրան Եգորյանը բացեց պայուսակը, սակայն իրավապահները պնդում էին, որ բացվածքը փոքր է և դա բավարար չէ ստուգման համար: