2016 թվականին Ազգային ժողովին պետական բյուջեից հինգ հիմնական ծրագրերի մասով հատկացվել է 4 մլրդ 787 մլն 473 հազար դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն դրամ 932 հազար դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:
«22 մլն 500 դրամ վերադարձվել է պետական բյուջե», - ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմն իրականցարել է մի քանի հիմնական ծրագիր, որոնցից առաջինը ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանման ծրագիրն է, որով ծախսվել է 4 մլրդ 489 մլն 983 հազար դրամ, որից 3 մլրդ 325 մլն դրամը կամ 74.1 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը:
Կոմունալ ծառայությունների, գործողումների, ներկայացուցչական, տրանսպորտային ծախսերը կազմել են 1 մլրդ 164 մլն 1000 դրամ:
Արա Սաղաթելյանն ընդգծեց, որ ԱԺ-ին հատկացված ծրագրով վերանորոգվել է ԱԺ վարչական շենքը, արտաքին պատուհանների մի մասը, թարմացվել են պոմպակայանն ու ջրամատակարարման և կոյուղու համակարգի որոշակի հատվածը:
Երկրորդ ծրագիրը միջազգային կառույցների անդամակցության վճարներն են, որը կազմում է 192.5 մլն է: Վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմել է 82 մլն դրամ, պետական աշխատողների և ծառայողների սոցիալական փաթեթով ապահովելու ծրագրով ծախսվել է 41 մլն դրամ, իսկ ԱԺ աշխատակազմի վերապատրաստման ծրագրով ծախսվել է 240 հազար դրամ՝ վերապատրաստվել է 25 մասնագետ:
Արա Սաղաթելյանն ընդգծեց, որ 2016- ին ապահովել են ինը միջազգային կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը:
«Ազգային Ժողովը 2016-ին ունեցել է ֆինանսական որոշ խնդիրներ, որոնք լուծելու համար կատարվել են ներքին վերաբաշխումներ, ընդհանուր առմամբ, 181 մլն դրամի չափով», - ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ գործունեությանը՝ Արա Սաղաթելյանը նկատեց, որ գումարվել է ԱԺ հերթական երկու նստաշրջան, չորս արտահերթ նստաշրջան և ութ արտահերթ նիստ, կազմակերպվել է 12 խորհրդարանական լսում:
«Ընդունվել է 287 օրենք, որից 19-ը նոր օրենք է, մյուսներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ընդունվել է 272 որոշում, վավերացվել է միջազգային 59 պայմանագիր», - նշեց նա:
Նախորդ տարում Հայաստան են ժամանել չորս երկրների՝ Էկվադորի, Սերբիայի, Սլովակիայի, Բելգիայի խորհրդարանի նախագահներ, հայաստանյան պատվիրակությունները մասնակցել են միջազգային խորհրդարանական կազմակերպությունների աշխատանքներին:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: