28/06/2017 17:15
ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ներկայությունն Աֆղանստանում
ՆԱՏՕ-ն մտադիր է Աֆղանստանում կրկին ընդլայնել իր ներկայությունը «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) շարժման զինյալների ակտիվանալու պատճառով, բայց չի սկսի մասնակցել մարտական գործողություններին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հունիս 29-ին պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է 4 հազար զինվորական խորհրդականների և հրահանգիչների՝ Աֆղանստան ուղարկելուն:
«Նախարարները կքննարկեն Աֆղանստանում ուժերի ներկայության ընդլայնման հնարավորությունը, սակայն մենք չենք քննարկում մարտական գործություններին մասնակցությանը վերադառնալու հարցը», - ասել է նա:
ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իր մարտական ուժերի դուրսբերումն ավարտել է 2014 թվականին: Այդ ժամանակվանից երկրում գործում է դաշինքի «Վճռական աջակցություն» (Resolute support) առաքելությունը՝ 13,5 հազար թվակազմով: Դրա խնդիրների մեջ են մտնում Աֆղանստանի՝ շուրջ 360 հազար թվակազմով անվտանգության ազգային ուժերի ուսուցումը, կառավարման և թիկունքային ապահովման աջակցումը, նաև հետախուզական տվյալների տրամադրումը:
Ազգային բանակի ֆինանսավորումը նույնպես ապահովում են ՆԱՏՕ-ի երկրները՝ տարեկան մոտ 5 միլիարդ դոլարի չափով: