20/07/2017 11:18
ՊԵԿ-ն ու ԿԲ-ն իրավական նոր ակտ են մշակել. այն վարչապետի սրտով է
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկում ուներ հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառման վերաբերյալ։
«Վերջին ամիսների ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի ու դրամական միջոցների արգելանքը պարտավորթյան հստակ չափով կիրառումը ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի մշակման աշխատանքներ», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքում։
Կարեն Կարապետյանը նշեց, որ ՊԵԿ-ից ու ԿԲ-ից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը։
«Պարոն Հարությունյան, մենք ու՞ր ենք հասել այս գործով», - ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց վարչապետը։
Վարդան Հարությունյանն էլ նշեց, որ արդեն մշակվել է համապատասխան նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի։