22/07/2017 13:16
Դավիթ Ստեփանյան. Ռազմական դրվագներ պատկերելիս ինձ ոգևորում է շարժումն ու հերոսականությունը, ոչ թե պատերազմը` որպես ողբերգություն. Լուսանկարներ
Օրերս Երևանի Նկարիչների միությունում տեղի ունեցավ նկարիչ-ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի անհատական առաջին ցուցահանդեսը: Դրանում ներկայացված է 101 գործ` յուղանկարներ, ջրաներկով նկարներ, գրաֆիկա, քանդակ և նկարչի հեղինակած գրքերն ու ճարտարապետական էսքիզները:
Ցուցահանդեսն առանձնահատուկ էր հեղինակի` ռազմարվեստը պատկերող` «батальный» ոճի նկարներով:
«Քանի որ առաջին անհատական ցուցահանդեսս էր, փորձել եմ դրանով ամփոփել 3 տարեկանից մինչ վերջերս արված գործերս: Ներկայացրել եմ նաև «Հայերեն խոսող հուշարձաններ» գիրքս, որում անդրադառնում եմ հայկական ձեռագիրը պահող հուշարձաններին: Գիրքն անգլերեն ու հայերեն տարբերակով է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դ. Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է ռազմարվեստը պատկերող նկարներին, Դավիթ Ստեփանյանի խոսքով, հայկական պատմության դրվագները նրան հետաքրքրել են փոքրուց:
«Հետաքրքիր բան կա, ասում են` յուրաքանչյուր նկարիչ ամեն նկարում առաջին հերթին իրեն է պատկերում, ինձ մոտ էլ նման բան կա: Իզուր չէ, որ ընկերներս նշում են, որ նկարներիս և′ ձիրերը, և′ մարդիկ ինձ են նման», - կատակելով նշեց նկարիչը` շարունակելով.
«Փոքր տարիքում դեռևս ազատ կերպարներ էի նկարում, կարելի է ասել, ինքս իմ հերոսին էի ստեղծում: Դու հորինում ես այդ կերպարներն ու նրանք քո անձնականն են դառնում: Եթե նույնիսկ նկարում ես ինչ-որ գրքից տպավորված, միևնույն է, դա քո հորինվածքն է, ի վերջո, Գևորգ Մարզպետունու իրական դիմանկարը ոչ ոք չի տեսել: Իսկ այս ժանրը բարդ է նրանով, որ կոնկրետացնելու դեպքում, արդեն պետք է պատմական անձի նմանություն ստանաս, պատմական ճշմարտությունը պահես նաև ճակատամարտի տարածքի առումով»:
Նա նշեց` կոնկրետ պատմական դրվագներ պատկերող նկարներ քիչ ունի, հիմնականում` ուղղակի ռազմական դրվագներ է պատկերել, որոնց բազմաթիվ հորինվածքներից հետո միայն անդրադարձել է Անդրանիկի, Նժդեհի, Հրայր Դժոխքի կերպարներին։
«Ինձ ավելի շատ այս ժանրի մեջ ոգևորում է շարժումն ու հերոսականություն պատկերելը, ոչ թե պատերազմը` որպես ողբերգություն», - ասաց Դավիթ Ստեփանյանը:
Հղում անելով ցուցահանդեսում հնչած կարծիքներին` նկարիչը նշեց, որ իր նկարները հեռվից ավելի աբստրակտ են թվում, սակայն մոտենալիս հստակ ռեալ պատկերներ ունեն:
«Սա համադրելն էր շատ բարդ: Իրականում նման ոճում կամ աբստարկտ են նկարում, կամ` նատուռալիստական, այնպես որ ես շատ ջանք եմ գործադրել, որ կարողանամ համադրել», - ասաց Դ. Ստեփանյանը:
Նա ընդգծեց` ցուցահանդեսը կազմակերպվել է «Կայթ» արվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի կողմից:
Դրա բացմանը ելույթ է ունեցել «Կայթ» ազգագրական պարի խումբը, ներկա էին արվեստաբաններ, նկարիչներ, ճարտարապետներ: