28/07/2017 10:19
Նախանշվում է համագործակցություն ՀՀ ԱԻՆ և Իտալիայի «Կարմիր խաչի» միջև
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իտալիայի «Կարմիր խաչի» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Լեոնարդո Կարմենատիի գլխավորությամբ, և Հայկական «Կարմիր խաչի» ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Իտալիայի «Կարմիր խաչի» ընկերության և Հայկական «Կարմիր խաչի» ընկերության միջև համագործակցության հնարավորությունները: Մասնավորապես` քննարկվել են քաղաքացիական պաշտպանության, առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում իտալական կողմի հետ փորձի փոխանակման և համապատասխան դասընթացների ու վերապատրաստումների կազմակերպման ուղիները:
Կողմերը խոսել են փորձագետների աշխատանքների արդյունքների, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակման ոլորտում համագործակցության հնարավորության մասին:
Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը կարող է բարենպաստ հիմք հանդիսանալ այս ոլորտում նաև հայ-իտալական երկկողմանի համագործակցության համար:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հուլիսի 28-ին ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ տակտիկական ուսումնավարժությանը: