10/08/2017 14:04
9-ամյա կրթության փոխարեն սեպտեմբերից Հայաստանում պարտադիր կդառնա 12-ամյա կրթությունը
Այս տարվա սեպտեմբերից Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր, այսինքն՝ եթե մինչ այժմ պարտադիր էր 9-ամյա կրթությունը, ապա այժմ վիճակը փոխվում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Կրթություն ստանալը երեխայի սահմանադրական իրավունքն է, և դա պետք է պարտադիր իրացվի», -հավելեց պաշտոնյան:
Ներկայացնելով վիճակագրական տվյալները, իր հերթին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը տեղեկացրեց, որ 9-րդ դասարանից կրթությունը չշարունակողների թիվը «շատ փոքր է՝ 0.001 տոկոս»:
«Հիմնականում միջնակարգ դպրոցներում երեխաները շարունակում են կրթությունը և բացառիկ դեպքեր են, որ երեխաները, ասենք՝ զբաղվեն անասնապահությամբ: Բայց պետությունը ունի խնդիր ապահովելու որակյալ կրթություն», - ասաց Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ 2016 թվականի հետազոտության համաձայն, 9-րդ դասարանից հետո շուրջ 98 տոկոսը շարունակում է կրթությունը: