11/08/2017 13:10
Զինված խումբը ծրագրել է խոցել ՀՀ նախագահի օդանավը, սակայն նախագահի սպանության ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն արվել. Մանրամասներ
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատական նիստում մեղադրող դատախազը շարունակեց կարդալ մեղադրական եզրակացությունը:
Դատախազը նախ ներկայացրեց Արթուր Վարդանյանին, որը Իսպանիայի բնակիչ է եղել, 2014-ին մեկնել է Բեյրութ, հետո՝ Սիրիա, Լիբանան, այնուհետև` նորից Սիրիա:
2015թ.-ին, երբ Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան, Գյումրիում տեսակցել է Անտոն Դիկրան Թոթոնջյանին, ծանոթացել նրա հետ ու հետո մտերմացել:
2015-ին Արթուր Վարդանյանը մեկնել է Իսպանիա, հետո` մայիսի վերջին, ժամանել Հայաստան ու նույն Թոթոնջյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը եկել են համոզման, որ «ստեղծված սոցիալական խնդիրների, Արցախի հարցում զիջումների գնալու պայմաններում Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն իրականացնել, այսինքն՝ իշխանությունը զավթել բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով»:
Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Վարդանյանն ունեցել է զինված գործողություններ իրականացնելու փորձ և ռազմական հմտություններ, ստանձնել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ իշխանության զավթման նպատակով: Իսկ այդ հանցավոր համագործակցության ծրագրերը պարտավորվել է ֆինանսավորել հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանը:
Նույն մեղադրանքի համաձայն, 2015-ի ապրիլի վերջերից սկսած Արթուր Վարդանյանը փորձել է, ծրագրել է հավաքագրել մարդկանց, որոնք կլինեն իր համախոհները ու իր հետ միասին կիրականացնեն իշխանափոխություն: Միաժամանակ, նա ձեռք է բերել զենք-զինամթերք: Դրա համար, ըստ նույն մեղադրանքի, Թոթոնջյանից ստացել է 60 հազար ԱՄՆ դոլար գումար:
Արթուր Վարդանյանը ցանկացել ու այնպես է արել, որ խմբում ընդգրկի արցախյան ազատամարտի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած անձանց՝ հաշվի առնելով նրանց մարտական անցած ուղին:
Այս գործով մեղադրյալները 20-ն են, որոնց թվում են նախկին ազատամարտիկներ, պաշտոնյաներ, այդ թվում Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև կանայք:
Բավարար չափով համախոհներ ներգրավելով, Արթուր Վարդանյանը ծրագրել է առանձին ենթախմբերով հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության վրա: Յուրաքանչյուր հաստատության վրա հարձակումը պետք է կատարեին 10-20 անձինք:
Բացի, այդ ըստ մեղադրանքի, քննարկվել է նաև ՀՀ նախագահի օդանավը թռիչքի պահին հակատանկային նռնականետով խոցելու հնարավորությունը, սակայն նախագահի սպանության ուղղությամբ նախապատրաստական կոնկրետ գործողություններ չեն իրականացվել:
Նկատենք, որ զինված խմբի գործով այս մեղադրական եզրակացության ներկայացման ժամանակ Արթուր Վարդանյանը գեղարվեստական գիրք էր ընթերցում, Վահան Շիրխանյանը գլուխը հենած էր սեղանին, իսկ Անտոն Թոթոնջյանը նիրհում էր, ինչպես նախորդ դատին: