17/08/2017 13:24
ՀՀ ԱԻՆ-ը հրդեհաշիջող օդանավ չի գնել, որովհետև այն շատ թանկ է. Փոնախարար
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհաշիջող օդանավ ձեռք չի բերել, քանի որ այն բավական թանկ է, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ԱԻն փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
«911-ին ստացվող բոլոր ահազանգերի դեպքում մեր փրկարարները շտապում են դեպքի վայր և օպերատիվորեն կարողանում են օգնել, փրկել մարդկանց կյանքեր, առողջություն, գույք: Այս դեպքերով ասել, որ ԱԻՆ-ը անգործության է մատնվել կամ ոչ պրոֆեսիոնալ է, կարծում եմ, մեղմ ասած սուբյեկտիվ է: Իրոք, մենք նման խոշոր հրդեհների հետ կապված տեխնիկական հագեցվածության խնդիր ունենք: Ինչո՞ւ չենք ձեռք բերել հրդեհաշիջող ինքնաթիռ, որովհետև բավական թանկ է: Գումար կունենանք, վաղը ձեռք բերենք, թե չէ, ամեն ինչ պետք է անենք, որ հասնենք տեխնիկական հագեցվածության», - հայտարարեց Կարապետյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խոսրովի արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը մարելու համար երկու օր անց միայն հայկական կողմի խնդրանքով ՌԴ ԱԻ նախարարությունը հրդեհաշիջող օդանավ ուղարկեց Հայաստան: Նույն օդանավը Խոսրովի արգելոցում 10-ից ավելի թռիչք է իրականացրել և պաշտոնական տեղեկատվության համաձայն, հրդեհի օջախները մարվել են: