17/08/2017 13:06
«Հերիք ա մարդասպաններին պաշտպանես». Էմմա Սահակյան անունով օգտատերը սպառնացել է Արայիկ Խանդոյանի փաստաբանին
Փաստաբանների պալատի փաստաբան, «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի ու ևս մի քանիսի պաշտպան Արայիկ Պապիկյանին ուղղված նամակներով ոչ միայն սպառնացել են, այլ նաև հայհոյել են, այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց փաստաբանը:
«Պահանջում են որոշակի գործերով դադարեցնել իմ մասնագիտական գործունեությունը: Եթե սկզբում ինձ էին ուղղում սպառնալիքները, ապա վերջին անգամ սպառնալիք ուղղեցին նաև իմ ընտանիքի անդամների դեմ: Ընդ որում՝ ես վստահ եմ, որ այդ նամակներն ուղարկողը կեղծ օգտատեր է», - հայտարարեց փաստաբանը:
Նա ասաց, որ առաջին նամակը ստացել է մայիսին, քննարկել է գործընկերների հետ և որոշել են ընթացք չտալ դրան: Երկրորդ սպառնալի նամակը՝ «հարուստ բովանդակությամբ» փաստաբանը ստացել է օգոստոսին ու մտածել, որ գուցե իմաստ կա դիմել իրավապահներին:
Սակայն փաստաբանին չի գոհացրել իրավապահների օպերատիվությունը, և նա եզրակացրել է, որ իրավապահների նկատմամբ իր թերահավատության հիմքերը արդարացված էին: «Վստահ եմ, որ չի բացահայտվելու այն անձը կամ այն կառույցը, որը կանգնած է այդ անձի թիկունքում», - ասաց Պապիկյանը:
Փաստաբանին սպառնալիքներով ու հայհոյանքներով նամակներ ուղարկում է «Էմմա Սահակյան» անուն ազգանունով օգտատերը, որը նրա կարծիքով, կեղծ օգտատեր է: Պապիկյանը ցույց տվեց առաջին նամակի բովանդակությունը, որտեղ լատինատառերով ու հայերեն առոգանությամբ գրված էր. «Այ ոչխար, հերիք ա մարդասպաններին պաշտպանես»: Փաստաբանը էթիկապես նորմալ չհամարեց ներկայացնել իրեն ուղղված նամակների մյուս մասը, բայց նաև չասաց, թե հատկապես ինչն է սպառնալիքը:
Պապիկյանը ենթադրում է, որ իր դեմ սպառնալիքներն ու վիրավորանքները ուղղվել են այն բանի համար, որ ինքը իրականացնում է «Սասնա ծռերի» խմբի անդամների պաշտպանությունը:
«Որևէ միջամտություն կամ որևէ սպառնալիք ինձ չի կարող ստիպել, որպեսզի ես ձեռնպահ մնամ իմ աշխատանքը կատարելուց: Ես ու իմ ընտանիքը շարունակում ենք մեր բնականոն կյանքը, և ես շարունակելու եմ կատարել իմ աշխատանքը, գուցե ավելի մեծ պատասխանատվությամբ», - հայտարարեց Պապիկյանը՝ ընդգծելով, որ որևէ թշնամի չունի:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած հաղորդման մեջ, ինչպես նաև դրա վերաբերյալ արված հայտարարություններում ներկայացված հանգամանքները և Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: