21/08/2017 14:00
Զոհված զինվոր Արման Մովսիսյանի հարազատները հերքում են տեղեկությունները, թե ՊՆ-ն իրենց չի աջակցել
Օգոստոսի 14-ին ՊԲ հյուսիսային-արևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհված Արման Մովսիսյանի հարազատներին զայրացրել է մեդիադաշտում տարածվող տեղեկությունը, թե զինծառայողի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում իրենց չի ցուցաբերվել պատշաճ օժանդակություն Պաշտպանության նախարարության կողմից:
Բանն այն է, որ օրերս Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրառում էր կատարել, թե Արման Մովսիսյանի «մեդալն անգամ հանձնել են առանց բարձիկի` պատճառաբանելով, թե այն 20 հազար դրամ արժի»:
Aysor.am-ի հետ զրույցում ընտանիքի բարեկամներից մեկն, ով անձնական պատճառներով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ անձամբ մասնակցել է բոլոր գործընթացներին և կարող է վստահեցնել, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«Առաջին պահից այնտեղ եմ եղել: Երեխային բերելիս իրեն ուղեկցել է փոխգնդապետերից մեկն, ով ամեն ինչ պատշաճ ձևով կազմակերպել է: Ինչ վերաբերում է մեդալի բարձիկին, հենց մենք չենք թողել, որ իր փոխգնդապետը գնի այն, որովհետև ասել ենք` «ի՞նչ իմաստ ունի, այդ բարձիկը ոչինչ չի փոխելու, ավելի լավ է այդ գումարը տրամադրենք իր ընտանիքին»»,- ասաց Մովսիսյանների ընտանիքի հարազատը:
Նա ընդգծեց` Facebook-ում գրառում կատարած աղջիկն իրենց բարեկամը չէ, պարզապես արմատներով նույն գյուղից է և գրել է տեղեկություն` առանց իրականությունն իմանալու:
«Ընտանիքը բողոք չունի, ինչի՞ համար բողոքեն: Կամ ի՞նչն է հետ բերելու բողոքելը: Ես երեկ իրենց հետ խոսել եմ, ասել եմ, որ լրագրողներ են ուզում գալ, գրում են, բայց իրենք այդ ամենի սիրտ չունեն: Ինչ վերաբերում է այդ աղջկան` հաստատ բարեկամ չի ու գրել է` առանց տեղյակ լինելու, որ մենք ենք այդպես որոշել», - ասաց Մովսիսյանների հարազատը: