21/08/2017 14:03
Փողոցների անվանափոխման հիմքում հակառուսական տարր է ընկած. Ֆերդինանտ Առաքելյանը՝ «Ելք»-ի առաջարկի մասին
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կողմ է «Ելք»-ի՝ Երևանի փողոցները հայ հայտնի գործիչների անուններով վերանվանելու առաջարկին:
«Կան անուններ, որոնց փոխվելուն ես էլ կողմնակից եմ: Օրինակ, Լենինգրադյան փողոցը գուցե արժի, որ Մոսկվայում կամ Պետերբուրգում պահեն, բայց այստեղ ոչ», - ասաց հուշարձանագետը լրագրողների հետ զրույցում:
Վերջինս նշեց, որ ցավալի է՝ մինչև այսօր մայրաքաղաքում չկա Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող փողոց.
«Նրա մահից ավելի քան 10-ամյակներ են անցել, և նրա անունով փողոց արդեն իսկ պիտի ունենայինք», - ընդգծեց նա:
Քանդակագործը նաև նշեց, որ ինքն ամիսներ առաջ դիմել է անձամբ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով փողոցներից մեկը վերանվանել Համբարձում Երամյանի անունով.
«Նա համաշխարհային դեմք է, բայց լուր չունենք, որովհետև հայ է, եթե լիներ այլ ազգ, աշխարհն էլ կիմանար` մենք էլ, բայց այս մարդու անունով անգամ դպրոց չկա»,- ավելացրեց նա:
Հանդիպման հաջորդ բանախոս ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը հակադարձեց՝ նշելով, որ ինքը դեմ է փողոցները վերանվանելու առաջարկին.
«Փողոցների անվանափոխման հիմքում հակառուսական տարր է ընկած»,- ասաց նա` ավելացնելով.
«Գուցե սովետական գործիչները սխալներ արել են, բայց նույն Գրիբոյեդովը մեզ համար զոհվեց, մենք էլ նրանց համար ենք զոհվել: Սրա նպատակն այն է, որ հայ ժողովրդին հանեն ռուսների դեմ»: