22/08/2017 13:20
«Ելք»-ը կքննարկի Ֆռունզեի փողոցի անվանփոխության վերաբերյալ Շարմազանովի առաջարկը
Մենք մշտական աշխատանքներ ենք տարել, մի շարք նախաձեռնություններով ենք հանդես եկել և լրատվական դաշտում երևալու սակավություն չունենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով հնչող այն տեսակետին, որ փողոցների անվանափոխության հարցը «Ելք»-ը նախաձեռնեց հանրության ուշադրությունն իր վրա գրավելու համար:
«Ամենաաղմկահարույցը դարձավ փողոցների մասով առաջարկը, որովհետև այն ավելի պահանջարկված է, քան` մյուս խնդիրները», - նշեց նա:
Վերջինիս խոսքով՝ այս պահին «Ելք»-ն առաջարկում է երեք փողոցի անվանակոչություն՝ Լենինգրադյան, Կասյան և Միկոյան:
«Առայժմ այս երեքի մասին ենք խոսում, բայց վերջերս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նաև Ֆռունզեի փողոցի անվանփոխությունը առաջարկեց ներառել: Մենք խմբակցության առաջիկա նիստին պարոն Շարմազանովի առաջարկը կքննարկենք», - նշեց նա:
Դավիթ Խաժակյանը նաև խնդրի լուծում չի համարում, օրինակ, Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց ունենալ որևէ ծայրամասում: Ըստ նրա՝ անվանակոչությունը պիտի համաչափ լինի:
«Ելք»-ն առաջարկում է Լենինգրադյան փողոցն անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: