08/05/2018 18:42
Մենք այսուհետ ընդդիմություն ենք, և դա պատվաբեր տեղ է մեզ համար. Արմեն Աշոտյան
Հայտարարությունները, թե Հանրապետական կուսակցությունը լքում է հայաստանյան քաղաքական դաշտը, վաղաժամ են և դրանք չեն բխում ներկայիս քաղաքական իրավիճակից, այսօր Հանրապետական կուսակցության գրասենյակում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցալական ոլորտներում: Հանրապետական կուսակցությունը առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուվածքը և երրորդ հերթին մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է», - հայտարարեց Աշոտյանը:
Նրա խոսքովч ժողովրդավարություն կառուցող և բազմակարծության ձգտող երկրում ընդդիմությունը «պատվավոր և պատասխանատու տեղ է»:
«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր իշխանություն, որը վայելում է հանրության աջակցությունը, միևնույնն է ընդդիմության կարիքն ունենալու է», - նշեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ իրենց բավականացնում է խիզախությունը հայտնել այն կարծիքը, տեսակետը, որը իրենք համարում են ճիշտը:
Խորհրդարանական մեծամասնություն ունեցող ընդդիմության ներկայացուցիչը նկատեց, որ իրենք պատրաստ են դառնալ ընդդիմություն և, բարձրախոսը ձեռքին, բարձրաձայնել խնդիրների մասին:
Աշոտյանը շտապեց վստահեցնել, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն, իսկ գործունեության ոճը արդեն ժամանակի հարց է և կախված կլինի քաղաքական տվյալ իրավիճակից: