09/05/2018 13:33
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր թիմը և նախարարը հաջողեն, որովհետև դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանություն նախարարությունն իր անձնակազմով անում է մի վարժություն, որը, մինչ այս, երբևէ չի արվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
«Դա ասում եմ որպես պետական կառավարման համակարգում երկար տարիներ ծառայած մարդ. մենք պատրաստում ենք մոտ տասը ժամանոց բրիֆինգ նոր նախարարի ու նոր թիմի համար», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, որ իրենք մանրակրկիտ ձևով փոխանցելու են տեղեկությունը։
«Մենք յուրաքանչյուր ծրագրի տակ գիտենք իրավական դաշտի կարգավորումներն ու անելիքները, գիտենք ֆինանսավորման աղբյուրները և դրանց հետագա ճիշտ գործադրման ուղղությունները», - ասաց նա։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ընդգծեց՝ շատ լավ հասկանում են այն առաջնահերթությունը, որն անհրաժեշտ է ծրագրերի իրականացման համար։
«Եվ ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր թիմը և նախարարը հաջողեն, որովհետև դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը», - ասաց Վ. Սարգսյանը։
Նա նշեց, թե կարծում է, որ որևէ մարդ, որը գոնե մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի նվիրվել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդը իրենից արդյունավետ լինի։
«Որովհետև դա բացարձակ անձնական ամբիցիայի խնդիր չի, դա մեր հասարակության, մեր երկրի, մեր պետության անվտանգության հարցն է, այդ թվում, իմ ընտանիքի, իմ երեխաների, նրանց ընկերներրի և այլն, և ես ամեն ինչ անելու եմ, որ, անկախ քաղաքական հայացքներից, ով էլ լինի Պաշտպանության նախարար, անպայման հաջողի», - ասաց նա։
Վիգեն Սարգսյանը նշեց, թե չգիտի՝ ինչքանով իր խորհրդի կարիքը կլինի, բայց ինքը միշտ պատրաստ է լինելու այդ խորհուրդը տալու։
Նա հույս հայտնեց, որ իրենց սկսած ծրագրերը կշարունակվեն։
«Որովհետև դրանք կարևոր ծրագրեր են, դրանք բացարձակ մեր կուսակցական կամ քաղաքական հայացքների դրսևորման արդյունք չեն, դա փոքր երկրում մեծ բանակ ունենալու արդյունքում ավելի ստեղծագործ մոտեցմամբ ներդրված ծրագրեր են», - ասաց Վիգեն Սարգսյանը։