12/07/2018 11:15
Ֆրանսահայ, ինչպես նաև ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ժոնաթան Լաքոտ
Երեկ Բրյուսելում մթնոլորտը շատ ջերմ էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն՝ անդրադառնալով երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը:
«Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ջերմ մթնոլորտում տեղի ուենցավ նախ որովհետև երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում, մանավանդ, որ դա տեղի ունեցավ երկու շատ կարևոր իրադարձությունների նախաշեմին՝ աշնանը Հայաստանում ակնկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի դեպի Հայաստան», - նշեց նա:
Նա ընդգծեց, որ իրենք անհամբեր սպասում են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի պետական այցին Հայաստան. «Սա կարելի է որակել որպես Ֆրանսիայի հանրապետության ղեկավարի այց նորագույն Հայաստան և հանդիպում ՀՀ նոր իշխանությունների հետ: Ծրագիրը դեռևս վերջնական մշակված չէ, բայց մեր պատկերացմամբ սա կլինի այնպիսի ծրագիր, որի ծանրակշիռ մասը նվիրված կլինի մշակույթին, երիտասարդությանն ու կրթությանը», - նկատեց Լաքոտը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը՝ դեսպանը նշեց, որ դա նոր դինամիկա է հաղորդում երկու երկրներին երկկողմ հարաբերություններին:
«Ֆրանսիայում բոլորը հետևում են բարեփոխումների այն գործընթացին, որը իրականացվում է Հայաստանում, որովհետև բոլորին ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀ նոր իշխանությունը հստակ հանձնառություն է ստանձնել կոռուպցիայի, օլիգարխիկ կառույցների և մենաշնորհային կառույցների դեմ պայքարելու: Սա շատ կարևոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների համար, մանավանդ տնտեսվարող ոլորտի դերակատարների համար», - նշեց Լաքոտը:
Նա նաև ընդգծեց, որ ֆրանսիահայ, ինչպես նաև ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է: