Հրաչ Կապրիելյան. «Միայն պատերազմ է, մարդու պես չես կարող աշխատել»
07/05/2009 18:58

Հրաչ Կապրիելյան. «Միայն պատերազմ է, մարդու պես չես կարող աշխատել»

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարները, ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկվա լրահոսում, որոշել են անհրաժեշտ չափով ֆինանսական ներդրումներ չկատարել թիմում: Նրանք դա պայմանավորում են այն համոզմունքով, որ, միևնույն է, Հայաստանում ոչ մի կերպ հնարավոր չէ առաջընթաց ունենալ և նվաճել երկրի չեմպիոնի կոչումը: Ընդ որում` բողոքի ալիքն ակումբի ներկայացուցիչները բարձրացրեցին այն բանից հետո, երբ «ոսկե» խաղում «Արարատը» զիջեց «Փյունիկին»:

Հրավիրած մամուլի ասուլիսում «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը, պատասխանելով ներդրումների կրճատման վերաբերյալ հարցին, այսպես արտահայտվեց. «Դուք գումար կներդնեի՞ք, եթե իմանայիք, որ ինչ էլ անեք, առաջինը չպիտի լինեք: Միայն «Փյունիկը» պիտի առաջինը լինի: Դուք փող կդնեի՞ք: Մյուս ակումբները մինչև այսօր այնքան ներդրումներ չեն կատարել, որքան մենք: Մինչև որ մրցավարները չանջատվեն ֆեդերացիայից, հայկական ֆուտբոլում արդարություն չի լինի, և ֆուտբոլը չի զարգանա: Մինչև ֆեդերացիայի ղեկավարությունը չփոխվի, այստեղ ֆուտբոլը չի զարգանա: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ հիմա ֆուտբոլում արդարություն կա: Մենք պատրաստվում ենք ֆոնդ հիմնել` մրցավարներին վճարելու համար, որպեսզի նրանք անկախ կառույցում կարողանան աշխատել: Ես զարմանում եմ, թե մրցավարները նման ձևով խաղը վարելուց հետո ինչպես են կարողանում քնել: Չէ, լավ մարդիկ չեն, և նրանց վարքն ազդում է նաև ֆուտբոլիստների վրա: Երիտասարդ խաղացողներն էլ Հայաստանում ապագա չունեն: Ուրիշներն էլ պետք է խորհեն, տեսնեն այս վիճակը և փոփոխություններ կատարեն: Իսկ այստեղ ինչպես ուզում են, այնպես էլ վարվում են: Կարող են նաև մարդուն ծեծել: Միայն պատերազմ է, մարդու պես չես կարող աշխատել…»:

Ընդ որում` այս հայտարարությունների ընթացքում Հրաչ Կապրիելյանը նաև խոսում էր այն մասին, որ «Միկայի» ու «Բանանցի» հանդիպման ժամանակ մրցավարը երկու կարմիր քարտ է ցույց տվել «Միկայի» ֆուտբոլիստներին ու ապահովել «Բանանցի» հաղթանակը: Նման բան այդ խաղում, անկեղծ ասած, չի եղել: Միկացի ֆուտբոլիստները խաղադաշտից հեռացվել են «Կիլիկիայի» հետ խաղում, իսկ վերջինս ամենևին էլ մրցանակային տեղերի կամ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի գոտու հավակնորդ չէ: Սա փաստ է: Երևում է` Հրաչ Կապրիելյանին լավ չեն ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, և նա ինչ-որ չափով նաև սխալ տեղեկությունների վրա է եզրահանգումներ կատարում: Բայց դա արդեն ակումբային ներքին խնդիր է, և իրենք պետք է ձգտեն հասնել ավելի իրատեսական գնահատականների:

Ընդհանուր գնահատական տալով այն փաստին, որ «Արարատ» ակումբը գրեթե միշտ բախման մեջ է Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ու նրա ղեկավարի հետ, կարելի է եզրակացնել, որ այս ակումբում առաջին հերթին հասունանում է մթնոլորտի փոփոխության խնդիրը: Այնպիսի տպավորություն է առաջանում, որ ակումբի պատասխանատուները, ոչ ճշգրիտ տեղեկություններ տրամադրելով նախագահին, ցանկանում են պահպանել լարվածությունը` «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով: Այլ կերպ չէինք ուզենա դա մեկնաբանել, որովհետև հաջորդ մեկնաբանությունը կհանգեցնի նևրոզի դեմ պայքարի խնդրին: Երբ մարդ համոզված է, որ ամեն ինչ վատ է, որ ամեն ինչ ուղղվում է իր դեմ, որ ակումբի հետ կապ չունեցող կամ օրենքի շրջանակներում կայացված որևէ որոշման հիմքում թիմին վնաս հասցնելն է… Մի խոսքով` երբ մարդն ամեն ինչում իր նկատմամբ ուղղված սլաք է տեսնում և կատարում ոչ համարժեք քայլեր:

«Հայկական ֆուտբոլում ինչո՞ւ պետք է փող ծախսեմ, եթե իրավիճակն այսպիսին է: Հիմարը միայն նման բան կարող է անել: Անխիղճ մարդիկ են մրցավարները: Ինձ համար մարդ չեն: Հայկական ֆուտբոլը հիմա շատ թույլ է: Նայեք հավաքականին` զրոյի իջավ: Թե ինչ է պետք անել, դուք խորհեցեք: Ես գիտեմ, որ Սուրեն Աբրահամյանի ժամանակ ավելի լավ հավաքական ունեինք, քան հիմա»,- հայտարարեց Հրաչ Կապրիելյանը:

Իսկ «Արարատի» փոխնախագահ Արկադի Անդրեասյանը խոսեց նաև թիմի` ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը նախապատրաստվելու մասին: «Օրական երկու անգամ մարզում ենք անցկացնում,- տեղեկացրեց նա:- Թիմի վիճակը լավանում է, և երևի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը լիովին պատրաստ կլինենք: Թե ով կլինի մարզիչը, մենք վերջնական որոշում կկայացնենք և կտեղեկացնենք այդ մասին: Առայժմ ես եմ զբաղվում մարզչական աշխատանքով, օգնում թիմին: Ակումբի ղեկավարները, ելնելով անցած մրցաշրջանի արդյունքից ու նաև ներկա ֆինանսական ճգնաժամից, որոշել են լուրջ ներդրումներ չկատարել: Արդյունքում թիմը վատ է անցկացրել նախապատրաստական շրջանը և վատ է պատրաստվել: Ես նույնպես կարծում եմ, որ մրցավարական կորպուսը պետք է առանձնանա ֆեդերացիայից: Ուրիշ ակումբները գո՞հ են մրցավարությունից: Ոչ: Մրցավարն ինչ ցանկանում է, այն էլ անում է: Եթե մրցավարության մակարդակը բարձրանա, Հայաստանը լավ երկիր է` ֆուտբոլում գումարներ ներդնելու համար: 8 թիմերից 4-ը եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցության իրավունք է ձեռք բերում: Եթե փոփոխություններ կատարվեն, ֆուտբոլում մարդիկ գումարներ կներդնեն, և այն կզարգանա: Մենք ֆեդերացիայի հետ գործ չունենք, մենք ուզում ենք ֆուտբոլ խաղալ, բայց ֆեդերացիան, չգիտես ինչու, մեզ հետ գործ ունի: Անհասկանալի է: Լավ, ֆուտբոլիստներն ինչո՞ւմ են մեղավոր, որ պետք է պատասխան տան ակումբի ու ֆեդերացիայի վատ փոխհարաբերությունների համար: Վատ մրցավարության պայմաններում ֆուտբոլիստը չի կարող բարձրացնել իր վարպետությունը: Որովհետև վախը նրա մեջ է: Խաղացողը դիմում է Աստծուն, իսկ նրան դաշտից հեռացնում են: Այսպես չի լինի: Ո՞ր տեղում է հավաքականը: Նայեք… «Արարա՞տն» է մեղավոր նրա վատ ելույթների ու արդյունքների համար»:

Անցած մրցաշրջանում Երևանի «Արարատը» տիրացավ հանրապետության գավաթին, իսկ առաջնությունում արժանացավ արծաթե մեդալի: Սա վատ արդյունք չէ: Բայց ակումբի ղեկավարությունը որոշում կայացրեց հրաժարվել մարտունակ կոլեկտիվ ձևավորած ու նրան նման բարձունքի հասցրած Վարուժան Սուքիասյանի ծառայություններից: Հարց է առաջանում` ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ, եթե «Արարատում» իսկապես մտածում են հայկական ֆուտբոլի զարգացման մասին: Այդ ինչո՞ւ մրցավարները «Արարատին» չխանգարեցին գավաթային մրցաշարում… Եվ այսպիսի պայմաններում ներդրումներից հրաժարվելուն ու ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացվող հրաժարականի պահանջին ոչ ոք չի կարող վերաբերվել որպես համարժեք քայլի: «Որովհետև իմ տեսածով ամեն բան այլ կերպ էր: Դրա համար հրաժարվեցինք մարզչից: Եկեք չխորանանք մանրամասների մեջ,- ասաց Կապրիելյանը և շարունակեց:- Հայաստանում ներդրումների առումով ամենից վատ թիմը մենք պիտի լինենք: Այստեղ ֆուտբոլային մաֆիա է գործում, ոչինչ չես կարող անել: Այստեղ պլանավորված է ամեն ինչ»:

Հրաչ Կապրիելյանն ու Արկադի Անդրեասյանը խոսեցին նաև այն մասին, որ «Արարատի» ֆուտբոլիստները միշտ անվճար կարող են հեռանալ և տեղափոխվել այլ ակումբ, եթե, ենթադրենք, երկու ամիս նրանց աշխատավարձերն ուշացրել են: Ֆուտբոլիստը նման դեպքերում կարող է դիմել քաղաքացիական դատարան և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստանալ, ինչը նրան հնարավորություն կտա առանց նախկին ակումբին փոխհատուցում վճարելու հանդես գալ մեկ այլ թիմի կազմում: Կարծում ենք` իրավական դաշտում խնդրի լուծման առումով մենք իսկապես անելիքներ ունենք, բացի այդ, ֆուտբոլիստի ու ակումբի միջև կնքված պայմանագրերը հաճախ օգտագործվում են ֆուտբոլիստների դեմ, քանզի վերջիններիս պարտավորություններն ավելի շատ են, քան իրավունքները: Այս բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն հայաստանյան օրենքների շրջանակներում: Եվ եթե ինչ-որ բան հնարավոր չէ համաձայնեցնել, ոչ ոքի արգելված չէ բարձրացնել այդ խնդիրը, քննարկումներ կազմակերպել և լուծման հասնել: Այո, պետք է աշխատել և ոչ թե զբաղվել միայն մեղադրանքներ հնչեցնելով:

Ի դեպ, «Արարատ» ակումբի նախագահը խոսեց նաև իր այն հայտարարության մասին, որ մտադիր է դատի տալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` նախորդ մրցաշրջանի հանդիպումներից մեկից հետո ակումբի այն ժամանակվա ղեկավարին ծեծելու համար: «Երկու վկա կային, երկուսն էլ վախեցան ցուցմունք տալ, դրա համար էլ չդիմեցինք դատարան»,- շեշտեց նա:

Վերջում նշենք, որ, ըստ Հրաչ Կապրիելյանի, «Արարատ» ակումբի բոլոր աշխատակիցներն ստացել են իրենց աշխատավարձերը, և իրենք պարտքեր չունեն: Նրանք, երևի, չգիտեին, որ շենքի մոտ հավաքվել են մի շարք արարատցիներ` լրագրողներին տեղեկացնելու համար, որ իրենք մինչ օրս աշխատավարձ չեն ստացել…

Հրաչ Կապրիելյան. «Միայն պատերազմ է, մարդու պես չես կարող աշխատել»