.jpg)
ՀՀ նախագահը մասնակցեց առաջնության բացման արարողությանը
Մայիսի 23-ին Երևանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ԱԻԲԱ աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Մարզական այս խոշոր իրադարձության մեկնարկի պաշտոնական միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, և հենց նա էլ հայտարարեց առաջնության բացման մասին: Մինչ այդ թիմերը հանդիսավոր շքերթով շրջան կազմեցին մարզահամալիրում:
Ելույթով հանդես եկան Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը:
Կարևորելով Երևանում առաջնության կազմակերպման փաստը` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ այս մրցաշարն իր կազմակերպական բարձր մակարդակով ազդարարում է այն իրողության մասին, որ Հայաստանն այսուհետ պատրաստ է անցկացնել ոչ միայն պատանեկան, այլ նաև մեծահասակների աշխարհի առաջնություններ: Բոլորին հաջողություններ մաղթելով` ՀԱՕԿ-ի նախագահը հույս հայտնեց, որ բռնցքամարտի համաշխարհային պատանեկան ստուգատեսը կվերածվի բռնցքամարտի հավաքականների ու ակումբների միջև կապեր հաստատելու արդյունավետ և հիանալի միջոցի:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ նման կարգի առաջնությունները պատանիներին հնարավորություն են տալիս շփվել տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ, կատարելագործել իրենց վարպետությունը և դնել սեփական յուրահատուկ խաղաոճի հիմքը:
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ԱԻԲԱ-ին` Երևանում աշխարհի առաջնության կազմակերպման հնարավորության ընձեռման համար:
ԱԻԲԱ-ի գործկոմի անդամ, մրցավարական հանձնաժողովի նախագահ Թերի Սմիթը, ողջունելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, միջոցառմանը ներկա մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնակից թիմերին և հայաստանյան ողջ մարզասեր հասարակայնությանը, իր կազմակերպության ղեկավար Չինգ Կու Վուի անունից շնորհակալություն հայտնեց աշխարհի առաջնության հյուրընկալման համար:
«Այս առաջնությունը կարևորագույն դեր ունի ԱԻԲԱ-ի և 15-16 տարեկան բռնցքամարտիկների զարգացման համար և ներկայացնում է բոլոր այն երկրներն ու մարզիկներին, ովքեր ապագայում, անշուշտ, չեմպիոնական բարձունքներ կգրոհեն: Սա մի իրադարձություն է, որով մենք նշում ենք պատանիների արդյունավետ մասնակցությունը բռնցքամարտի զարգացման գործին: Այստեղ կան անուններ, ովքեր վաղը հետք են թողնելու բռնցքամարտի պատմության մեջ: Եվ նրանք իրենց կարիերայի առաջին չեմպիոնական կոչումը կնվաճեն Երևանում: Առիթից օգտվելով` շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, քաղաքային իշխանություններին և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են աշխարհի առաջնության կազմակերպման աշխատանքներին: Այդ հանգամանքը կասկածներ չի թողնում, որ երևանյան առաջնությունը հաջողված է լինելու»,- հայտարարեց Թերրի Սմիթը:
Երկրի դրոշը միայն գույները չեն: Դրոշը մարդու պես ունի ծնունդ, պատմություն և հոգի: Եվ մարզահամերգային համալիրում հավաքված բազամահազար մարզասերները բուռն ծափահարություններով ողջունեցին Հայաստանի դրոշի մուտքը մարզադահլիճ:
Այնուհետև հնչեց Հայաստանի հիմնը: Մարզական սկբունքներին հավատարմության երդում տվեցին մարզիկ Ալեքսան Նազանյանը և ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, մրցավար Սուրեն Ղազարյանը:
Միջոցառման վերջում հայկական ավանդական երգ ու պարը տպավորություն գործեց նաև հյուրերի վրա: Մեր թղթակցի հետ զրույցներում նրանք հիմնականում այն միտքն էին զարգացնում, որ հայաստանյան առաջնությունը յուրահատուկ է կազմակերպված և աչք է շոյում իր ազնվությամբ, ինքնատիպությամբ ու հայկական հյուրասիրությանը հատուկ անկաշառությամբ:
Այնուհետև ասպարեզը տրամադրվեց մարզիկներին: Գրանցվեցին առաջին հաղթանակներն ու ցավալի պարտությունները: Բայց այդ ամենին մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա լրահոսում: