Իրանը սպառնում է Ադրբեջանին
23/05/2009 12:49

Իրանը սպառնում է Ադրբեջանին

Իլհամ Ալիևի հրավերով Բաքու կժամանի Իսրայելի նախագահը: Ադրբեջանի նախագահը մայիսի 13-ին պաշտոնապես հրավեր է ուղարկել իսրայելցի իր գործընկերոջը այցելել Ադրբեջան. այցը նախատեսվում է հուլիսի սկզբին: Այդ կապակցությամբ Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ` գեներալ Հասան Ֆիրուսաբադին, Իսրայելի նախագահի այցը դիտարկել է որպես ոչ կոռեկտ քայլ, ավելացնելով. «Ինձ չի թվում, որ Պերեսի այցն Ադրբեջան բարեկամական քայլ է Իրանի նկատմամբ»:

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքագիտական միտքը այսօր կենտրոնացած է ԻԻՀ բարձրաստիճան սպայի հայտարարությանը համարժեք պատասխանի փնտրտուքի վրա: Տարբեր տրամաչափի քաղաքագետներ և գործիչներ մեղադրում են Իրանին այլ պետության ներքին գործերին միջամտելու համար: Մասնավորապես, Թուրքիայում հայտնի քաղաքագետ, քաղաքագիտության պրոֆեսոր Արիֆ Քեսկինը հայտարարել է. «Իրանը իրավունք չունի Ադրբեջանից պահանջել, որ վերջինս հրաժարվի Իսրայելի ղեկավարին Բաքու հրավիրելու մտադրությունից: Ցանկացած երկրի հետ հարաբերությունների հաստատումը Ադրբեջանի սուվերեն իրավունքն է: Իսկ Իրանը վերջին շրջանում վերածվել է մի պետության, որը սիրում է միջամտել այլ պետությունների ներքին գործերին»:

Ադրբեջանի Միլիմեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն նույնպես մեղադրել է Իրանին այլ պետության գործերին խառնվելու համար և ի հակադրություն իրանցի գեներալի դժգոհության, հայտարարել է. «Ադրբեջանը նույնպես շատ հարցերում դժգոհ է, հատկապես Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմամբ: Իրանը Հայաստանին ցուցաբերում է ռազմատեխնիկական, նյութական աջակցություն, մատակարարում է էներգոռեսուրսներ, չի դատապարտում Հայաստանին Իրանի եղբայրական պետություն Ադրբեջանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար: Այնպես որ մենք էլ կարող ենք հանդես գալ Իրանի հասցեին հայտարարություններով»:

Միանշանակ է, որ Իրանը` հետամուտ լինելով իր պետական շահերին, փորձում է ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում` հավակնելով տարածաշրջանային առաջատարի դերակատարմանը: Եվ սա, իհարկե նյարդայնացնում է Ադրբեջանին, որը լինելով նույն հավակնություններն ունեցող Թուրքիայի կրտսեր եղբայրը, չի կարող չմտահոգվել այն հեռանկարից, որ Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում սեփական խաղի կանոնները թելադրող խաղացող: Իսկ այս պարագայում թե ինչպիսի լուծում կստանա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը (հաշվի առնելով Իրանի հետ Հայաստանի ջերմ բարեկամական փոխհարաբերությունները) Ադրբեջանի համար թերևս դառնում է առավել մշուշոտ:
 

Իրանը սպառնում է Ադրբեջանին