.jpg)
Սեմինար-հանդիպում` հանուն անվտանգության ապահովման
ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուների համար, որին նաև մասնակցում էին ակումբների գործադիր տնօրենները և Երևանի ոստիկանության ներկայացուցիչները:
Սեմինարը վարում էին ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի և անվտանգության բաժնի պետ Թիերի Ֆավրը և Դորտմունդի ոստիկանապետ ու ՈՒԵՖԱ-ի ներքո անցկացվող խաղերի անվտանգության պատասխանատու Միքայել Քյուհենբեքերը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
Ըստ ՀՖՖ ակումբների արտոնագրման ուղեցույցի կադրային և վարչական չափանիշի P. 04 պահանջի ` ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուները պետք է ունենան համապատասխան որակավորում:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր և խնդիրներ` նվիրված թե տեղական, թե միջազգային խաղերի կազմակերպման և անցկացման ժամանակ տեղի ունեցող միջադեպերին: Տրամադրվեցին բազմաթիվ նյութեր, ցուցադրվեցին տեսահոլովակներ, որոնք օգնեցին մասնակիցներին հստակ և գործնական պատկերացում ունենալ հնարավոր և ակնկալվող միջադեպերի ու դրանցից խուսափելու ճանապարհների վերաբերյալ:
Սեմինար-հանդիպման արդյունքում Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի բոլոր ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուներին կշնորհվեն համապատասխան հավաստագրեր: