.jpg)
Ո՞վ է հաշվի առնում, թե դիմացինը երեխա է տեղափոխում
Մայիսի 19-ին «Անանիա Շիրակացի» ճեմարանի կրտսեր դասարանի աշակերտներին տեղափոխող ավտոբուսին էր բախվել «ԳԱԶել» մակինիշի ավտոմեքենա: Ճեմարանի 17 աշակերտներ ստացել էին վնասվածքներ: Ոստիկանությունում նախաքննություն է սկսվել:
Որքանո՞վ է ոստիկանությունը հետևում, որ երեխաներ տեղափոխող մեքենաների վրա լինի` «Զգուշացեք, երեխաներ են», օրենքով ամրագրված նշանը կամ գրությունը:
Նախ Ոստիկանության լրատվության վարչությունը խորհուրդ տվեց Aysor-ին զանգահարել 1-77 թեժ գծին, որտեղից այլ համարներ ևս հուշեցին, ի վերջո նշեցին, որ հարցին իրավասու է պատասխանել Ճանապարհատրանսպորտային վարչության գնդապետը:
Մինչ փորձում էինք կապ հաստատել գնդապետի հետ, ում հեռախոսին համառորեն մոտենում էր ինքնապատասխանիչը, որոշեցինք ճշտել ավտովթարի ենթարկված երեխաների վիճակը:
Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը նշեց, որ 20 տարվա մեջ սա երկրորդ դեպքն է:
«Գայի արձանի խաչմերկուկում` լուսաֆորի տակ, մեր միկրոավտոբուսը կանգնած է եղել, հետևից եկել է այլ երթուղային տաքսի ու հարվածել մեր երեխաներին տեղափոխող ավտոբուսին: Վարորդը բացատրել է, որ արգելակները չեն պահել, բայց դա նրան չի արդարացնում», - ասաց տնօրենը:
Նա նաև հավաստեց, որ երեխաների վիճակն այժմ լավ է, ոչ ոք չի տուժել, նրանք միայն վախեցել են:
«Երեխաներին տանում ենք հոգեբանի մոտ: Մինչ այդ, տարանք հիվանդանոց` հետազոտության: Եթե չհետազոտես այդ պահին, ուղեղի ցնցում լինելու դեպքում, կարող է մի քանի օր անց հայնտաբերվել»,- ասաց ճեմարանի տնօրենը:
Ըստ Ալիխանյանի, երեխաները վթարի հաջորդ օրվանից կանոնավոր դասի են հաճախել, իսկ ավտոբուսներում մի քանի օր նրանց հետ հոգեբանական խաղեր են խաղացել, որ շեղեն ուշադրությունը:
Տնօրենը հայտնեց, որ անգամ երեխաներ կան, գլուխ են գովում, թե «տեսեք մեզ մեքենա է խփել»:
«Երկու կողմից «Զգուշացեք, երեխաներ են» հատուկ նշանը կա մեր ավտոբուսների վրա: Փառք Աստծո, ոչինչ չէր եղել, բայց դա դեր չպետք է խաղա վարորդներին պատժելու հարցում: Գայի արձանի մոտ հանդիպեցի վարորդին, նրան մեկ-երկու դաստիարակչական բառ ասացի, թե ի՞նչ է նշանակում, որ դիմացդ գրված է երեխաներ, ու չես պահպանում համապատասխան հեռավորությունը»,- ասաց Ալիխանյանը:
Նշենք, որ համապատասխան հեռավորությունը, ըստ վարորդների իրավունքներն ու պարտականություններն ամրագրող գրքույկի, համարվում է` երեխաներ տեղափոխող մեքենաների դեպքում 10 մետր, մյուս բոլոր դեպքերում` 4-5 մետր:
Նաև որոշ այլ մասնավոր կրթօջախներից փորձեցինք տեղեկանալ, արդյոք նրանք երեխաներին տեղափոխող ավտոբուսների վրա համապատասխան նշում կատարո՞ւմ են: Պարզվեց, ոմանք կատարում են, ոմանք նախընտրում են երեխաներին չտեղափոխել, ոմանք էլ, չնայած, որ երեխաներն ու ծնողները հավաստում են, որ ոչինչ էլ նշված չէ, նախընտրում են ճիշտը չասել` մտածելով, որ ճշտելու միակ աղբյուրն իրենք են:
Ինչ վերաբերում է Ճանապարհատրանսպորտային ոստիկանությանը, նշենք, որ անգամ ինքնապատասխանիչին ենք հաղորդագրություն թողել, բայց արդեն 4-րդ օրն է` ոչ զանգերին են պատասխանում, ոչ էլ ինքնապատասխանիչն են ստուգում, իսկ նյութն այլևս սպասել չէր կարող: