Վերջին զանգ, վերջին դաս
23/05/2009 10:09

Վերջին զանգ, վերջին դաս

Այսօր բազմաթիվ հայաստանյան դպրոցականներ հրաժեշտ են տալիս միջնակարգ դպրոցին: Վերջին զանգի օրը շատ ուրախ է, բայց մի քիչ էլ տխուր:

Ուրախ, որովհետև շրջանավարտները ոտնկոխում են կյանքի նոր փուլ: Դպրոցում ձեռք բերած գիտելիքներով նրանք արդեն ամռանը կթակեն տարբեր բուհերի դռները, որպեսզի մասնագիտություն ձեռք բերեն և հետագայում օգտագործեն դպրոցական և բուհական տարիների պաշարն` իրենց լուման ներդնելու մեր երկրի բարգավաճման և առաջընթացի գործում:

Սակայն այս օրը նաև տխուր է: Այդքան էլ հեշտ չէ հրաժեշտ տալ հարազատ դպրոցի պատերին, դպրոցական ընկերներին և սիրված ու հարգված ուսուցիչներին:

Վերջին տարիներին այս օրը դպրոցականները նշում են մեծ շուքով: Շատերը երևի հիշում են երբեմնի միանման երկաթյա գանգակները, որոնք նախկինում զարդարում էին շրջանավարտների բաճկոններն ու ճերմակ գոգնոցները:

Այսօր կա «վերջին զանգակների» հսկայական ընտրություն, բազմաթիվ են նաև տոնակատարությունը նշելու տարբերակները, անհամեմատ գեղեցիկ են դարձել ծաղկեփնջերը, որոնք կփոխանցվեն ուսուցիչներին` որպես երախտագիտության և հարգանքի նշան: Սակայն որքան էլ ժամանակի հետ փոփոխությունների ենթարկվի օրվա ձևական մասը, անփոփոխ են մնում շրջանավարտի հուզմունքը, ուրախությունը և դեպի ապագա ուղղված` հույսով լի հայացքը:

Վերջում հիշեցնենք. որպեսզի այս գեղեցիկ օրը չավարտվի դժբախտ պատահարով ՀՀ ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է բոլոր ծնողներին և մանկավարժներին զերծ մնալ շրջանավարտներին ավտոմեքենայի ղեկը վստահելուց:
 

Վերջին զանգ, վերջին դաս