Խորվաթիայի նախագահը գրառում կատարեց Մատենադարանում
23/05/2009 13:54

Խորվաթիայի նախագահը գրառում կատարեց Մատենադարանում

«Հայաստանն ու հզոր հայ ժողովուրդը մեծ ներդրում են ունեցել Հայաստանի ժամանակակից քաղաքակրթության մեջ», - Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչն այս տողերը գրեց Մատենադարանի հուշամատյանում` Մատենադարան կատարած իր այցելությոան ժամանակ, ծանոթանալով հայ հոգևոր մշակույթի կոթողներին և դրանց պատմությանը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի նախագահը Հայաստան է ժամանել մայիսի 21-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Խորվաթիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Խորվաթիայի նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախօրեին այցելել է Հայոց եղեռնի զոհերի հուշարձան՝ Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Նախագահ Ս. Մեսիչը այսօր Մատենադարանին նվիրեց IX-րդ դարի պահպանված խորվաթերեն առաջին արձանագրությունը՝ սլավոնական տառերով, իսկ հայկական կողմը հյուրին նվիրեց 13-րդ դարի Կիլիկիայի Հեթում II-րդ թագավորի հռչակավոր «Ճաշոց» ձեռագրի կրկնատիպը:

Մատենադարանում Խորվաթիայի նախագահին, ում ուղեկցում էր ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ներկայացրեցին Մատենադարանում ցուցադրվող մշտական ցուցանմուշները, V-րդ դարից պահպանված հայերեն ձեռագրերը:

Նշենք նաև, որ Խորվաթիայի նախագահի այցի հիմնական նպատակն է՝ ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:

Մատենադարան կատարած այցելությունից հետո Խորվաթիայի նախագահն ուղևորվեց Էջմիածին` հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին, որից հետո Ս. Մեսիչը հայրենիք կվերադառնա:
 

Խորվաթիայի նախագահը գրառում կատարեց Մատենադարանում