Քարոզարշավը ոչ ստանդարտ որակավորման արժանացավ
23/05/2009 15:49

Քարոզարշավը ոչ ստանդարտ որակավորման արժանացավ

PR մասնագետ Կարեն Քոչարյանի կարծիքով Երևանի Ավագանու ընտրությունների նախընտրական պայքարը «ոչ ստանդարտ» է անցնում:

«Նախ ՀՀԿ-ն ոչ ստանդարտ կամպանիա տարավ, ես չէի սպասում, բայց բավականին գրագետ կամպանիա տարավ: Բոլորը սպասում էին, որ պետք է լինի ուժի կիրառում, շատերը չէին սպասում, որ Գ. Բեգլարյանը կարող է գնալ բակ առ բակ, խոսել, զրուցել, ուժին էլ չսեղմել, երգիչ-երգչուհիներ չբերել», - ասաց նա ու հավաստեց, որ վերջին երկու օրվա ընթացքում մտավորկականների ու երգիչների ի հայտ գալը «բնավ օգուտ չբերեց ՀՀԿ-ին, քանի որ դա չի աշխատում Հայաստանում»:

Ըստ Կ. Քոչարյանի, հասարակության կողմից միանշանակ չընկալվեց Գ. Բեգլարյանի առաջադրումը, բայց վերջին հաշվով, նա այն համոզմանն է, որ ՀՀԿ-ի հաշվարկը բավականին ճիշտ էր:

«Բեգլարյանը ՀՀԿ-ի այն թեկնածուն էր, որը մի քանի հետաքրքիր բան կարող էր համակցել և դա արեց: Ադմինիստրատիվ ռեսուրսը, ֆինանսական, մարդկային ռեսուրսը, գրագետ կամպանիան, որը տարվեց, մեծ նշանակություն ունեցավ», - նշեց նա:

ՀԱԿ-ի քարոզարշավի առումով, Քոչարյանն ասաց, որ ՀԱԿ-ն իրեն չպահեց որպես արմատական ընդդիմություն:

«ՀԱԿ-ը սկսեց ընտրությունները քաղաքականացնելուց, բայց հետո չսրեց: Երբ ստացվեց, որ ժողովուրդը սա չընդունեց որպես քաղաքական ընտրություն, նրանք սկսեցին այլ ծրագրեր մշակել: Քարոզարշավի մեկնարկից 10 օր անց նոր սկսեցին խոսել Երևանի մասին: Այսօր էլ մի քանի բուկլետ են բաժանում` մեկը քաղաքական, մյուսը Երևանի ծրագիր: Չեմ ուզում ոչ մի բան ասել, բայց տպավորություն է, թե ՀԱԿ-ը խճճվել է»,- հայտնեց PR մասնագետը:

ԲՀԿ-ից Կ. Քոչարյանի տպավորությունն այնպիսին է, որ կուսակցությունը համապետական ընտրության է գնում` «ֆիքսվելով ավելի շատ Գ. Ծառուկյանի, քան Հ. Քուշքյանի վրա»:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ այն կարծիքին է, որ քաղաքն այն ողբերգական վիճակում չէ, որ սպասում է փրկողի:

«Այստեղ քաղաքական ուժերի պայքար է: Բայց այստեղ մի բացասական բան կա, որ Աբովյան քաղաքի բնակիչն է Երևանի համար պայքարում»,- նշեց նա:
 

Քարոզարշավը ոչ ստանդարտ որակավորման արժանացավ