.jpg)
Մուհամեդը չգնաց սարի մոտ, իսկ սարը եկավ ու չտեսավ Մուհամեդին
Այսօր առավոտյան լրագրողներն անակնկալի եկան Գնահատման և թեստավորման կենտրոնում: Նրանք պատրաստվում էին գնալ Արմավիր` ներկա գտնվելու օտար լեզվի միասնական քննությանը:
Անակնկալը վրա հասավ այն ժամանակ, երբ մեքենաները շարժվեցին դեպի Վանաձոր: Պարզվեց ուշ գիշերը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որոշել էր փոխել երթուղին:
Վանաձորը նախապես նշված չէր այցելությունների շարքում, բայց նախարարը փոխեց երթուղին` թերթերից մեկում հրապարակված մի հոդվածով պայմանավորված:
Թերթը գրել էր, որ Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցում առանձին, գաղտնի քննասենյակ կա, որտեղ հատուկ երեխաներն են քննություն հանձնում և բարձր միավորներ հավաքում:
Անակնկալից արդեն երկու ժամ անց Վանաձորի մաքուր օդն ու պաղ քամին դիմավորեցին մայրաքաղաքից ժամանակ հյուրերին:
Իսկ 5-րդ դպրոցի բակում հավաքված ծնողները դիմավորեցին հյուրերին բազմաթիվ հարցադրումներով:
Ա. Աշոտյանը հենց ծնողներից փորձեց պարզել` արդյոք նման բան լսե՞լ են:
«Երկու քննությունների ընթացքում եղե՞լ են դահլիճում խնդիրներ, ինֆորմացիա կա, ոք այստեղ հատուկ սենյակ կա, դուք տեսե՞լ եք»,- հարցրեց նախարարը:
«Ոչ, նման բան չի եղել, քննասենյակ չկա»,- չորս կողմից պատասխանեցին հանկարծակի այցից զարմացած ծնողները:
Նախապես տեղեկացվել էր, որ սենյակի մասին հաղորդել է Չկալով գյուղից Գյուլնարա անունով մի քաղաքացի, բայց տեղում Լոռու մարզպետը հավաստեց, որ այդ գյուղն ունի ընդամենը 140 բնակիչ, և նրանց մեջ Գյուլնարա անունով մարդ չկա:
«Ինձ համոզում էին, որ խնդիր կա, ես եկա, ուզում էի այսօր հանդիպել այդ կնոջը: Խորհրդավոր տիկինը պատասխանեց, որ հնարավոր չէ` գա Երևան, ես եմ եկել, բայց ինձ կտրականապես մերժել են` իբր այդ կինը չի ուզում, որ նման հանդիպում լինի:
Արդյունքում հավաստիացանք, որ հատուկ սենյակ չի եղել: Ինֆորմացիան փաստացի հերքված է, նման բան չկա, թեստերի հետ կապված դժգոհություններ կան, բայց սենյակի հետ կապված` բողոքներ չկան»,- ասաց Աշոտյանն ու հավելեց, որ եթե բողոքող այդ կինն իրեն առանձին հաղորդելու բան ուներ, բայց մերժել է, ուրեմն` լուրջ չէր:
«Շնորհակալ ենք այդ տպագրություններին, որ եկել ենք այստեղ, բայց ցավալի է, որ նման լուրեր են լինում` առանց այն էլ ավելի բորբոքելով լարված մթնոլորը»,- ասաց նախարարը:
Վանաձորից տպավորված լրագրողներն արդեն ճանապարհին կատակներ էին անում, թե հաջորդ անգամ կգրեն, որ Եգիպտոսում քննությունները լավ չեն անցնում` հուսալով այնտեղ էլ շրջայց կատարել: