Ծնողները լիցքեր են փոխանցում, նաև բողոքում են
12/06/2009 17:59

Ծնողները լիցքեր են փոխանցում, նաև բողոքում են

Վանաձորի թիվ 58 միջնակարգ դպրոցում մթնոլորտը քննական էր: Էկրանների մոտ հավաքված ծնողներից յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր երեխային, իսկ գտնելով` ասում էր. «Ուժերս քեզ, բալես»:

Թե որքանո՞վ կօգնեն սիրառատ ծնողների լիցքերը երեխաներին, կպարզվի քննությունից հետո, իսկ մինչ այդ նրանք նաև առիթը բաց չթողեցին խոսելու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Նալբանդ գյուղից մի ծնող ասաց, որ իր դուստրը ցանկանում է լեզվաբան դառնալ, բայց հայոց լեզվից 12 միավոր է հավաքել, ինքն էլ գոհ չէ թեստերից, քանի որ դրանք «մանավանդ գրականության հարցերը, դուրս են եղել ծրագրից»:

Մեկ այլ ծնող ասաց, որ թեև թեստերը բարդ են եղել, բայց իրենք չեն բողոքարկել, քանի որ ընդհանուր մակարդակն է ցածր:

«Օտարը պիտի ավելի երկար տևի, քանի որ ավելի բարդ է: Եթե 40 տոկոսով բարդացված են թեստերը, ու՞մ դիմենք: Իսկ ջուրն ի՞նչ է, որ անգամ ջուր չկա սենյակներում»,- բողոքեց մեկ ուրիշ ծնող:

Աշոտյանը պատասխանեց, որ թեստերը բարդ են եղել, բայց` ծրագրին համապատասխան, ընդ որում` ոչ 40 տոկոսով բարդացված: Ջրի հարցում էլ հանձնարարեց, որ նորից ստուգեն քննասենյակները, և, եթե անհրաժեշտ է, ջուր դնեն:

«Հարց է դրված, որը մի քիչ էլ տրամաբանություն է պահանջում: Հարցրեը դրված են լեզվից ու տրամաբանորեն: Գուցե տհաճ է, որ երեխան ցածր է ստացել, բայց դա ընդհանուր է բոլորի համար»,- ասաց նա:

Ըստ նախարարի, մրցությային միջավայրը պահպանված է, և եթե նախկինում 13 միավորը չէր աշխատում, այս տարի ավելի մեծ հավանականությամբ կաշխատի:

Աշոտյանին նաև դիմեցին նվազագույն շեմն իջեցնելու առաջարկով:

«Ընդունենք, որ շատ եմ ուզում օգնել, բայց շեմը գրանցված է, իջեցնել չեմ կարող, իրավականորեն հնարավոր չէ»,- նշեց ԿԳ նախարարը:

Ստեփանավանի գյուղերից մեկի դպորցի հայոց լեզվի ուսուցչուհին ևս դիմեց Աշոտյանին, և ասաց, որ դպրոցական ծրագրերի ու քննության նյութերի միջև տարբերությունը մեծ է: Դրան ի պատասխան` նախարարն ընդգծեց, որ ամեն օր պատասխանում է այդ հարցին, և նման բան չկա:

Մի կին էլ դիմեց նախարարին, թե իր երեխան մրցութային քննություններից բարձր միավորներ է ստացել, իսկ մաթեմատիկայի ավարտական քննությունը բացասական է ստացել, ի՞նչ պիտի լինի նրա վիճակը:

«Եզակի դեպք է, ավարտական քննությունն ավելի հեշտ է: Բայց դա գուցե նրանից է, որ դպրոցի տնօրենների հետ էլ պայմանավորվել եք, որ դասի չգնան, իրենք էլ այդ առարկայից կտրվել են»,- ասաց Աշոտյանն ու հավելեց, որ ամենամեծ շեշտը պետք է դրվի մասնավոր պարապմունքների շուկայի վերացմանը, և այդ հարցում, ըստ նրա, առաջին քայլը հենց ծնողները պետք է անեն:

Ի միջի այլոց, այսօր լրացավ ԿԳ նախարարի պաշտոնավարման մեկ ամիսը, ինչի առթիվ Վանաձորի քննասենյակների շուրջ հավաքված ծնողները շնորհավորհեցին ու բեղմնավոր ուղի մաղթեցին Արմեն Աշոտյանին:
 

Ծնողները լիցքեր են փոխանցում, նաև բողոքում են