Վերլուծական. Մի՞թե ավարտվել է «սառը պատերազմը»…
12/06/2009 20:06

Վերլուծական. Մի՞թե ավարտվել է «սառը պատերազմը»…

2009 թ-ի մայիսին Թուրքիայի արտգործնախարար նշանակված Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցում առաջ քաշեց «հարևանների հետ զրո խնդիրներ» սկզբունքը: Իրականում հարևանների հետ հարաբերությունների հաստատման` Թուրքիայի` «հավասարակշռման» այս քաղաքականության տարրերը սկսել են գործարկվել դեռևս ամիսներ առաջ: Ի մասնավորի` դեռ 2008 թ.-ից հայ-թուրքական հրապարակային շփումների աչքի ընկնող դինամիկան, ինչը չէր կարող անտարբեր թողնել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հանրությանը, իր հակասականությամբ լի ընթացքը շարունակում է մինչ օրս: Այս համատեքստում Թուրքիայի նախագահի այցը Հայաստան, «ճանապարհային քարտեզի» շուրջ ընթացող քննարկումները արժանացան Արևմուտքի քաջալերող արձագանքին: Ինչպես օրեր առաջ նշեց ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը. «Հայաստանը և Թուրքիան հակված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Լավ գիտենք, որ դա բարդ է և պահանջում է համբերություն ու համառություն: Հավատում ենք, որ այս կարճ ժամանակահատվածում գրանցված մեծ առաջընթացը ուղղված է վաղեմի խնդիրների լուծմանը»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի համատեքստում, սակայն, Բաքուն ամենաիսկական տրագիֆարս է բեմադրում` համեմելով այն քաղաքական զգացմունքայնության ատրիբուտներով: Օրինակ, ի նշան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ իր դժգոհության, Ադրբեջանը չմասնակցեց Ստամբուլում «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումին: Անգամ Ա. Գյուլի և Հ. Քլինթոնի զանգերը չհամոզեցին Ադրբեջանին մի կողմ թողնել «կամակոր երեխայի» քաղաքական պահվածքը: Ավելին, վերջինս սկսեց ընդգծված գործակցային վերաբերմունք ցույց տալ Ռուսաստանին` դրա դրդապատճառները պայմանավորելով Հայաստանի նկատմամբ Անկարայի վերափոխված դիրքորոշման հետ:

Մասնավորապես, Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդում ապրիլի 6-ին Ալիևը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ստիպել Ադրբեջանին փոխել իր «տարածաշրջանային քաղաքականությունը»: Ալիևի խոսքերով, Բաքուն «նշմարում է պոտենցիալ աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում» և այդ ուղղությամբ «ձեռնարկում համապատասխան միջոցառումներ»: Հենց այս իրադարձությունների արդյունքում է, որ Ադրբեջանը նավթի գնի բարձրացման պատրվակով Թուրքիայի հետ գազի գնի բարձրացման բանակցություններ նախաձեռնեց: Սրա արդյունքը եղավ այն, որ Բաքու այցելած Թուրքիայի վարչապետը մեծ հիասթափություն առաջացրեց հայ-թուրքական հարաբերությունների հարցում լավատեսական մոտեցում ունեցողների շրջանում, քանի որ հայտարարեց, թե «Հայաստանի հետ սահմանը փակ կմնա, քանի դեռ վերջինս չի կարգավորվել ԼՂ հակամարտությունը»:

Որպես հետևանք` Վաշինգտոն-Բրյուսել աշխարհաքաղաքական տանդեմը քննադատության արժանացրեց Անկարային. Քննադատություն, որտեղ Թուրքիայի հասցեին մեղադրանքներ հնչեցին հայ-թուրքական հարաբերությունները նախկին վիճակին վերադարձնելու և ապակառուցողական մոտեցում ցուցաբերելու համար:

Հարկ է նշել, որ Թուրքիայի այս քաղաքականության աղբյուրը ոչ միայն արտաքին, այլև ներքին ճնշումներն են, մասնավորապես` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերի թուլացումը ՏԻՄ ընտրություններում և ազգայնամոլ ընդդիմության ծայրահեղ բացասական վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այս պարագայում անգամ, Թուրքիայում այս իրադարձությունների շուրջ կարծիքները միանշանակ չեն: Օրինակ Անկարայի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հուսեին Բագչին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ Ա. Գյուլի Հայաստան կատարած այցից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել «նկատի ունեմ` ինչպես քաղաքական շրջանակներում տիրող տրամադրությունները, այնպես էլ հասարակական կարծիքը»: Անդրադառնալով Բաքվում վարչապետ Էրդողանի հայտարարությանը` նա ավելացրեց, թե. «Տվյալ պահին էրողանն ուղղակի հարկադրված էր հանդես գալ նման հայտարարությամբ, քանի որ Թուրքիայում այս հարցի առնչությամբ հզոր ընդդիմություն կա։ Անձամբ ես կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը հակված է շարունակել բանակցությունները` վերջնանպատակ ունենալով դիվանագիտական հարաբերություններ հաստատել հայկական կողմի հետ և բացել սահմանը»:

Եվ ահա, երբ միջազգային հանրությունը քննադատության է ենթարկում Անկարայի ապակառուցողական դիրքորոշումը, Դավութօղլուն, Վաշինգտոն կատարած այցից հետո հայտարարում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև «սառը պատերազմի փուլն ավարտվել է, իսկ Անկարայում սպասում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցին»: Նրա կարծիքով, երկու երկրների հարաբերություններում արդեն բացակայում է «թշնամի» եզրը: «Իսրայելի հետ մեր հարաբերությունները հօգուտ Պաղեստինի են, և հակառակը: Ադրբեջանն էլ տեսնում է, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ ելնում են նրա շահերից»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Բնականաբար, նման բարդ պատմաքաղաքական հարաբերություններ ունեցող երկրների միջև տեղի ունեցող զարգացումները չէին կարող միանշանակ ընթացք ունենալ` զերծ մնալով ինչպես ադրբեջանական ու ռուսական, այնպես էլ վաշինգտոնյան և բրյուսելյան միջամտությունից: Սրանից անմասն չէին կարող մնալ նաև թուրքական հռետորությունն ու այդ երկրի հատուկ քաղաքական խաղերը, որոնք ուղեկցվում են երկակի ստանդարտների կիրառմամբ, ինչպես նաև` տարածաշրջանային ուժային հավասարակշռության ապահովման հայ-ադրբեջանական քաղաքական նժարների համար կշռաքարերի ընտրությամբ:
 

Վերլուծական. Մի՞թե ավարտվել է «սառը պատերազմը»…