Գումարը կուղղվի Սպիտակաշենի դպրոցի կառուցմանը
12/06/2009 12:42

Գումարը կուղղվի Սպիտակաշենի դպրոցի կառուցմանը

Հունիսի 7-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի կողմից Տորոնտոյում կազմակերպած ամենամյա դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում հանգանակված գումարը կուղղվի ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի դպրոցի կառուցմանը:

Դրամահավաք-ճաշկերույթն սկսվեց հայր Մեղրիկ Ծայրագույն վարդապետ Փարիկյանի օրհնությամբ: Բացման խոսքով հանդես եկավ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, որը հյուրերին ներկայացրեց վերջին շրջանում Հիմնադրամի Գործադիր վարչության կողմից իրականացված աշխատանքները: Նա նշեց, որ Հիմնադրամը կիրառում է դրամահավաքի բազմաթիվ նոր մեխանիզմներ` արդյունքում ընդլայնելով Հայաստանում և Արցախում Հիմնադրամի նվիրատուների շրջանակը: Արա Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հիմնադրամի առաջիկա տարիների համընդհանուր ռազմավարությունը:

Ճաշկերույթի մասնակիցների թվում էին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, անդամներ Արա և Կալաբրինա Բոյաջյանները, Թեննի Նիկողոսյանը, բարերարներ Գուրգեն Սարգսյանն ու Սարգիս Յակուբյանը, այլ պատվավոր հյուրեր:

Սպիտակաշենի դպրոցի կառուցմանը նվիրաբերված գումարը կազմեց 200,000 կանադական դոլար: Եվս 5000 կանադական դոլար Հիմնադրամին փոխանցվեց Տորոնտոյի հայ դպրոցականների կողմից. վերոհիշյալ գումարը հավաքվել էր «Տորոնտոյի հայկական դպրոցների աշակերտներից Արցախի դպրոցների աշակերտներին» ակցիայի շրջանակներում:

Կալաբրինա Բոյաջյանի նախաձեռնությամբ 2009թ. ևս կկայանա Մոնտերեյ-Լոս Անջելես հեծանվարշավ, որի արդյունքում հավաքված գումարը ևս կուղղվի Սպիտակաշենի դպրոցի կառուցման ծրագին:

«Մենք շատ ոգևորված ենք, քանի որ սա Արցախում մեր հովանավորությամբ կառուցվող հինգերորդ դպրոցն է, և հուսով ենք, որ 2040թ. այս դպրոցների շրջանավարտներից որևէ մեկը կդառնա ԼՂՀ նախագահ»,- ասաց Տորոնտոյի տեղական մամնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, - «իսկ եթե ոչ նախագահ, ապա` մեծ գիտնական, արվեստագետ, դիվանագետ, բժիշկ կամ այլ մասնագետ»:

Սպիտակաշենի դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2008թ. հոկտեմբերին: 130 աշակերտի համար նախատեսված դպրոցը համայնքի երեխաների առջև իր դռները կբացի նոր` 2009-2010թթ., ուսումնական տարում: Այս մասին հայտնում են «Հայստան» հիմնադրամի տեղեկատվական բաժնից:
 

Գումարը կուղղվի Սպիտակաշենի դպրոցի կառուցմանը