.jpg)
«Հայաստանին սնանկություն է սպառնում»
Հայաստանը տնտեսական արմատական բարեփոխումների կարիք ունի: Այսօր ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ Հայաստանի արտաքին պարտքը «վատ սահմանի վրա է»` կազմում է շուրջ 2.5 մլրդ դոլար: Նրա տվյալներով, մինչև 2001-2002 թթ. արտաքին պարտքը եղել է 1մլրդ 300 մլն դոլար: «Այդ պարտքը սպասարկելու համար մեզ պետք էր ծախսել տարեկան 21-23 մլն դոլար: Դրանից հետո պարտք է սկսել կուտակել ԿԲ-ն, որը մինչև այս ճգնաժամն ուներ 300 մլն դոլարի պարտք»,- ասաց Հ. Բագրատյանը` հայտարարելով, որ դա «բացարձակ հիմարություն է»: «ԿԲ-ն իրավունք չունի պարտք ունենալ. Պարտքը պետք է լինի Կառավարությանը»,- նշեց նա:
Տնտեագետի խոսքով, ռուսական 500 մլն դոլար վարկը սպասարկելու համար կպահանջվի տարեկան 50 մլն դոլար գումար, իսկ ընդհանուր առամամբ, տարեկան սպասարկման ամբողջ գումարը կարող է մոտենալ 120-150 մլն դոլարի: Նրա կարծիքով, առաջիկա տարիներին դրամը չգահավիժելու համար Հայաստանին պետք կլինի այս տարի 1մլրդ, մյուս տարի` առնվազն 2 մլրդ դոլար վարկ, և «ճգնաժամի ցիկլը կարող է փակվել 5 մլրդ դոլար պարտքով, որի սպասարկումը տարեկան կարժենա 250-300 մլն դոլար»: Հ. Բագրատյանը նշեց, որ այդ թանկ կոմերցիոն վարկերի փոխարեն կարելի էր ներսից գումարներ ձեռք բերել: Ըստ նրա, կարծես թե արտաքին պարտքն աճել է 40 տոկոսով, սակայն դրանց սպասարկումը միանգամից ավելացել է 3.5-4 անգամ: «Կրկին թանկ վարկ վերցնելու դեպքում կդառնանք սնանկ»,- հայտարարեց ՀՀ նախկին վարչապետը:
Իրավիճակը շտկելու համար Հ. Բագրատյանն առաջարկում է բարեփոխումներ իրականացնել. «Բարեփոխումների համար նոր իշխանություններ են պետք, որ փոխի սահմանադրությունը, արգելի ԿԲ-ին վարկեր վերցնել, որը թափանցիկություն կապահովի և այլն: Ներկա իշխանությունը դա չի անի, որովհետև այս ամենի հեղինակը հենց ինքն է»,- եզրափակեց Հ. Բագրատյանը: