.jpg)
Առաքել Միրզոյանը Բուխարեստ կմեկնի հունիսի 14-ին
Հունիսի 14-ին 69 կգ քաշային ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը իր հոր և մարզչի` լեդենգար մարզիկ Օգսեն Միրզոյանի հետ կմեկնի Բուխարեստ, որտեղ հունիսի 12-21-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Առաքելի ուշ մեկնումը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ 69 կգ քաշային կարգը ներկայացնող ծանրամարտիկները հարթակ պետք է դուրս գան հունիսի 17-ին:
Նախորդ երիտասարդական մրցաշարում Առաքելն արժանացել է արծաթե մեդալի, իսկ այնուհետև նույն Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում տիրացել է չեմպիոնի կոչմանը: Այդ առաջնությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը պատմեց, որ Առաքելին հարթակ է առաջնորդել ինքը, քանի որ հայրը` Օգսենը, շատ հուզված էր և չէր կարողանում նայել, թե ինչպես է որդին պայքարում ծանրաձողի հետ: Այս անգամ նույնպես նա Առաքելի ու Օգսենի հետ միասին կմեկնի Բուխարեստ` զգացմունքային մարզչին մենակ չթողնելու համար:
Ինքը` Առաքել Միրզոյանը, լրջորեն է նախապատրաստվել այս ստուգատեսին և մտադիր է տիրանալ խաղարկվող բարձրագույն պարգևին: