Ֆաբիո Կաննավարո. «Զիդանը երբեմն անտանելի էր դառնում»
12/06/2009 18:19

Ֆաբիո Կաննավարո. «Զիդանը երբեմն անտանելի էր դառնում»

Թուրինի «Յուվենթուսի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ֆաբիո Կաննավարոն պատմել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ իր բարդ փոխհարաբերությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է հայտնվել ներկայիս թիմում:

«Հասկանում եմ, որ շատերի համար իմ խոսքերը կարող են հաճելի չլինել, սակայն, միևնույն է, պետք է բարձրաձայն ասեմ իմ կարծիքը. Զիդանը, հավանաբար, ամենատհաճ մարդն է այն բոլոր ֆուտբոլիստների թվում, որոնց հետ երբևիցե հանդիպել եմ խաղադաշտում: Մեծագույն չեմպիոն է և ոչ պակաս մեծագույն խաղացող, բայց ժամանակ առ ժամանակ նա պարզապես անտանելի էր դառնում: Նաև պետք է նշեմ, որ Զիդանն ամենևին էլ «Արդար խաղի» ջատագով չէր»,- այսպիսի խոսքերով է «Սկուադրա աձուրայի» ավագը բնութագրել աշխարհի 1998 թ. չեմպիոնին իր ինքնակենսագրական գրքում, որը վերջերս հայտնվել է Թուրինի գրախանութներում:

Բացի այդ, goal.com-ին տված հարցազրույցում 35-ամյա պաշտպանը բացահայտ ասել է, որ «Յուվենթուս» տեղափոխությանը նպաստել է Չիրո Ֆերրարայի հետ հին բարեկամությունը: «Երբ ես խնդիրներ ունեի Մադրիդում, նա մեկ անգամ չէ պաշտպանել ինձ: Ինչ վերաբերում է «Յուվենթուս» տեղափոխությանը, ապա ամեն ինչ վճռեց նրա զանգը: Ապրիլի վերջին Չիրոն հավաքեց իմ հեռախոսահամարը և հասկացրեց, որ իմ կարիքն զգում է: Դրանից հետո ես այլևս կասկածներ չունեի, թե որ թիմում եմ հանդես գալու հաջորդ մրցաշրջանում»,- ասել է իտալացի ֆուտբոլիստը:

Ֆաբիո Կաննավարո. «Զիդանը երբեմն անտանելի էր դառնում»