Ղազախները մեղադրում են նաև Հայաստանին
12/06/2009 19:01

Ղազախները մեղադրում են նաև Հայաստանին

Ղազախստանում շարունակում են մեկնաբանել Երևանում մայիսի 23-30-ը կայացած բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում իրենց թիմի ելույթները: Արդեն տեղեկացրել ենք, որ այդ երկրի մարզական պատվիրակության ներկայացուցիչները, վերադառնալով Ղազախստան, իրենց անհաջող ելույթները բացատրել են մի շարք գործոններով: Նրանք շեշտել են, որ մի շարք թիմեր տարիքով մեծ բռնցքամարտիկներ էին հայտավորել, առաջ էին քաշել նաև ոչ բավարար մրցավարության խնդիրը: Այս անգամ sports.kz-ին տված հարցազրույցում Սիդնեյի օլիմպիական չեմպիոն, իսկ այժմ` Օլիմպիական նախապատրաստական կենտրոնի տնօրեն Երմախան Իբրաիմովը, ով նույնպես ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցումներին, կոնկրետ անուններ է հրապարակել:

«Իսկապես, մեր բռնցքամարտիկներն այնքան էլ հաջող հանդես չեկան աշխարհի առաջնությունում,- ասել է նա:- Բայց կան նաև օբյեկտիվ պատճառներ: Առաջին` Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հավաքականները ռինգ էին դուրս բերել փորձառու տղաների: Նկատելի էր, որ այդ երկրների մարզիկները մեկ-երկու տարով գերազանցում էին թույլատրելի տարիքի սահմանագիծը: Մրցումներին պետք է մասնակցեին մինչև 16 տարեկան բռնցքամարտիկները, սակայն իրականում այլ կերպ ստացվեց: Այս տարիքում երկու տարվա տարբերությունը կարգի վրա շատ ուժեղ ազդեցություն է թողնում: Քանի որ ես հետևում էի համաշխարհային ստուգատեսին, կարող եմ հայտարարել, որ շատ դեպքերում մրցավարությունը, մեղմ ասած, այնքան էլ օբյեկտիվ չէր մեր բռնցքամարտիկների նկատմամբ: Մինչև 54 կգ քաշային կարգում ղազախ Նաբիևը քառորդ եզրափակչում մրցակցեց կուբացու հետ և, պետք է ասել, արժանի մենամարտ անցկացրեց` այն ավարտելով 4:4 հաշվով: Սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին Նաբիևի մրցակցին: Ընդհանուր առմամբ, չարժե այդքան կենտրոնանալ Ղազախստանի հավաքականի ելույթների վրա: Իհարկե, ցավալի է, որ մեր հավաքածուում ոսկե մեդալ չկա (ղազախները նվաճել են 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ-խմբ.), բայց, մյուս կողմից, մեր մարզիկները ձեռք են բերել անգնահատելի փորձ` մրցակցելով ոչ թե հասակակիցների, այլ տարիքով բարձր տղաների հետ…»:

«Կրկնում եմ ևս մեկ անգամ. ոչ տեխնիկայով, ոչ տակտիկայով մենք մրցակիցներից թույլ չէինք, իսկ ֆիզիկապես ոչ միայն չէինք զիջում, այլև նույնիսկ գերազանցում էինք: Տարվա սկզբին նույն Երևանում ընկերական խաղեր տեղի ունեցան Հայաստանի, Ռուսաստանի ու Ղազախստանի բռնցքամարտիկների միջև: Այն ժամանակ մենք գրավեցինք առաջին տեղը, քանի որ ռինգում, իրոք, պատանիներն էին: Մարզիչներն ասում են, որ աշխարհի առաջնությունում այդ թիմերի կազմերում արդեն ուրիշ տղաներ էին հայտավորվել…»:

Մնում է զարմանալ, որ այլ մարզիկների ներկայությունը կարող է նման գնահատականի պատճառ դառնալ: Մինչև աշխարհի առաջնությունն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով երկրի պատանեկան հավաքականում համալրում է կատարվել: Դա բնական գործընթաց է, և շատ ցավալի է, որ ղազախ օլիմպիական չեմպիոնն այլ տեսանկյունից է բացատրում երևույթը: Այս օրերին ընթացքի մեջ է Ասիայի մեծահասակների բռնցքամարտի առաջնությունը, որի առաջին իսկ փուլում, ինչպես տեղեկացնում է Ղազախստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, միանգամից 5 ղազախ մարզիկներ պայքարից դուրս են մնացել: Նշված հանգամանքը գուցե ավելի ճիշտ ուղու վրա կանգնեցնի նրանց, ովքեր որոնում են անհաջող ելույթների պատճառները: Ի դեպ, դա ոչ թե մեզ է պետք, այլ հենց իրենց` ղազախներին: Մնում է նրանց հիշեցնել հայտնի խոսքը. աշխատողներն աշխատում են, իսկ չաշխատողները պատճառաբանություններ ու արդարացումներ են փնտրում:

Ղազախները մեղադրում են նաև Հայաստանին