Յակունինը գոհ չէ նախորդ տարվա արդյունքներից
12/06/2009 14:10

Յակունինը գոհ չէ նախորդ տարվա արդյունքներից

Այս տարում «Ռուսաստանյան Երկաթուղի» ԲԲԸ-ի կողմից Հայաստանում կատարած ներդրումների ծավալը կկազմի 1.2 միլիարդ ռուբլի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ընկերության նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը:

Հայտնելով, որ ՀՀ նախագահի և կառավարության հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից իրականացվող աշխատանքներին, Վ.Յակունինը նշեց, որ այդքան էլ բավարարված չէ նախորդ տարվա արդյունքներից: «Մենք պայամանավորվեցինք, որ այս տարվա ընթացքում մենք կփոխհատուցենք այդ ուշացումը»,- ասաց նա:

Այդ բացթողումները, ըստ Վ.Յակունինի, առկա են մի քանի պատճառներով: Նա նշեց, որ «յուրաքանչյուր գործունեության մեկնարկը շատ ավելի բարդ է, քան ենթադրվում է սկզբում», և հավելեց, որ այն բարդ էր նաև ՀՀ կառավարության համար, «քանի որ սեփականության փոխանցումն անհնար է առանց դրա գրանցման»:

«Մենք հասանք փոխշահավետ, երկկողմ պայմանավորվածության, որ չենք սպասելու իրավաբանական բոլոր հարցերի վերջնական լուծմանը, և մենք աշխատում ենք, կատարելով ներդրում», - նշեց Վ.Յակունինը:

«Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենների խորհրդի նախագահը գոհունակություն հայտնեց ընկերության հայաստանյան ղեկավարության կողմից իրականացվող ծրագրերից և միջոցառումենրից:

«Ես դրական եմ գնահատում այն փաստը, որ «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունն այսօր հաճախորդաուղղված գործունեություն է իրականացնում։ Ես գոհ եմ մարզաբազայի և նոր ծառայությունների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներից: Շատ գոհ եմ, որ տեղական արդյունաբերությունն արտադրանք է թողարկում ոչ միայն «Հարավկովկասյան երկաթուղու», այլև «Ռուսական երկաթուղու» համար: Գտնում եմ, որ դա զարգացող փոխշահավետ համագործակցության լավագույն օրինակն է», - նշեց «Ռուսաստանյան Երկաթուղի» ԲԲԸ-ի նախագահը:
 

Յակունինը գոհ չէ նախորդ տարվա արդյունքներից