Հայաստան է այցելել 207հզ 729 զբոսաշրջիկ
12/08/2009 14:05

Հայաստան է այցելել 207հզ 729 զբոսաշրջիկ

«Այս տարի, տնտեսական ճգնաժամի պատճառով, զբոսաշրջիկների այցելությունների քանակի աճի տեմպերի զգալի նվազում ունենք: Մինչև 2009թ. մեզ մոտ այդ ցուցանիշը բավականին դինամիկ աճել է», - այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, 2009թ. առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 207հզ 729 զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշը 0,1 տոկոսով է ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

«Անկում չունենք, աճ էլ չի կարելի անվանել` համեմատած համաշխարհային զբոսաշրջային այցելությունների հետ, որտեղ մինչև 3 տոկոս անկում է գրանցվել», - ասաց Մ. Ապրեսյանը, նշելով, որ նախկինում տարեկան 20-25 տոկոս աճ ենք ունեցել:

Մ. Ապրեսյանի խոսքով, աշխատում են, որպեսզի մինչև տարեվերջ 7-10 տոկոս աճ ապահովեն` այսինքն, որ մեր երկիր այցելի շուրջ 600հզ. զբոսաշրջիկ: Նա նշեց, որ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից և այլն:

Արտագնա տուրիզմը դեպի Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա, այլ ծովային երկրներ է, ինչպես նաև եվրոպական, փոքր տոկոսով նաև` էկզոտիկ երկրներ:

Մ. Ապրեսյանը նշեց, որ արտասահմանցիները այցելության ընթացքում, որը սովորաբար տևում է շուրջ 1 շաբաթ, «թողնում են 700-800դոլար` չհաշված ավիատոմսի արժեքը»:

Պատասխանելով այն հարցին, թե պետութունն ի՞նչ է անում ոլորտում գների բարձրացումը կանխելու համար, բանախոսը հայտարարեց, որ պետական գնային քաղաքականությունը այս ոլորտում, որտեղ բավականին կոշտ մրցակցություն է տիրում, բացառվում է: Ըստ նրա, դա մասնավորի գործառույթն է` իրենք են գները սահմանում` ելնելով շուկայից և այլ գործոններից:

«Կան անուղղակի ազդեցության մեխանիզմներ. պետության առաջին խնդիրը պետք է լինի բիզնեսի համար բարենպաստ միջավայր ձևավորելը, որպեսզի առաջարկի ավելացման շնորհիվ ձևավորվեն մրցունակ գներ»,- ասաց Մ. Ապրեսյանը:
 

Հայաստան է այցելել 207հզ 729 զբոսաշրջիկ