.jpg)
Զինավարժություններ Արմավիրի «Բաղրամյան» զինավարժարանում
Օգոստոսի 10-16-ը Արմավիրի «Բաղրամյան» զինավարժարանում անցկացվում են զորավարժություններ, որոնք իրենց տեսակի մեջ առաջինն են:
Զորավարժություններն անցկացվում են խաղաղապահ ուժերի, հատուկ նշանակության բրիգադի և ավիացիայի համատեղ ուժերով: Այս համատեղ միջոցառումը նախատեսված էր գլխավոր շտաբի մարտական պատրաստվածության ծրագրով:
Զորավարժությունների փորձնական խաղարկմանը ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, դիտորդներ:
«Այսօր խաղաղապահ բրիգադի համար զորավարժությունների երկրորդ փուլի ավարտն է, որը ավարտվեց գումարտակի հատուկ մարտավարական զորավարժության կրակոցով»,- ասաց խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սուրենյանը:
«Մեր խաղապահ ուժերը 2003 թ.-ից ստանում են ծառայություն Կոսովոյի շրջանից, բացի այդ անցած տարի ամռանը մեր ուժերը դուրս բերվեցին Իրաքից: Հնարավոր տարբերակ կա, որ մեր ուժերը ծառայության անցնեն Աֆղանստանում: Այս զորավարժությունը ուսուցում էր, մեր հնարավորությունների, կարողությունների և գիտելիքների ստուգում»,- ասաց գնդապետը:
Կոսովոյում այս պահին ծառայություն է անցնում 70 հայ խաղաղապահ:
Ցուցադրական զինավարժությունները հենց խաղաղապահ գումարտակի հսկիչ-անցագրային կետի պահպանությանն էին միտված: Հսկիչ-անցագրային կետը պետք էր պահպանել նաև երկկողմ թշնամի ամբոխից, որը ցանկանում էր գրավել անցակետը:
Ցուցադրվեցին նաև հատուկ նշանակության խմբերի կողմից ահաբեկչական խմբավորման վնասազերծման դրվագներ, որոնց մասնակցում էր նաև ավիացիայի վարչության երկու ուղղաթիռ: