.jpg)
Բելառուսական տրակտորների արտադրության իրավունքը` Հայաստանին
Այսօր ավարտվել են բանակցությունները Վանաձորի «ՉինՎան» (նախկինում «Էլեկտրո») ձեռնարկության և Բելառուսի «Բաբռուսկի» մեքենաշինական գործարանի միջև, որն արտադրում է փոքր կլասի «MTZ Բելառուս» մակնիշի տրակտորներ: Ստորագրվել է Հայաստանում «Բելառուս» տրակտորների հավաքման և վաճառման մասին համագործակցության մտադրություների համաձայնագիրը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բելառուսական պատվիրակությունն այցելել էր գործարան, ծանոթացել հզորությունների հետ: Ըստ նրա, տրակտորների պահեստամասերը ներկրվելու են Հայաստան և հավաքվելու «ՉինՎան»-ում` տարեկան շուրջ 50 միավոր: Ընդ որում` արտադրվելու է ոչ միայն գյուղատնտեսական, այլև կենցաղային նշանակության տեխնիկա: «ՉինՎան» ընկերությունն իրականացնելու է նաև տրակտորների երաշխիքային սպասարկում:
«Պայմանագիրը նախնական է, բայց հեռանկարային»,- նշեց Գ. Քոչարյանը:
Նա հայտնեց, որ ուսումնասիրել են ներքին շուկան և կարծում են, որ «Բելառուսի» պահանջարկ կա և «դրան մեր ժողովուրդը սովոր է»: Հետագայում հնարավոր է նաև տրակտորներն արտահանվեն հարևան երկրներ: Պայմանագրի արդյունքում «ՉինՎան»-ում կստեղծվի 20-30 աշխատատեղ:
Մինչ այժմ «ՉինՎան» ընկերությունը Չինաստանից էր ներկրում տրակտորների պահեստամասեր ու հավաքում: Գ. Քոչարյանի ներկայացմամբ` թեև բելառուսական տրակտորները քիչ ավելի թանկ կարժենան, քան չինական պահեստամասերից հավաքվածները, սակայն ընթացքում կերևա, թե որն է ավելի շատ պահանջարկ վայելելու:
Գ. Քոչարյանը հայտնեց, որ «Բելառուս» տրակտորների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 4-6-ը Մարզահամերգային համալիրում կայանալիք «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսում, որտեղ կներկայացվի 4 տրակտոր, որոնք ժամանակի սղության պատճառով, հավանաբար, պատրաստի կբերվեն Բելառուսից: