12/08/2009 15:22
«Կգա ևս մի քրիստոնյա ազգի ցեղասպանություն կազմակերպելու՞»
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնին Մեթյու Բրայզային փոխարինող Թինա Քեյդենաուի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կազմում վնասելու է Հայաստանին և Արցախին: Այդ տեսակետը Aysor-ի թղթակցի հետ զրույցում արտահայտեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Թինա Քեյդենաուն կոնֆլիտների կարգավորման շատ բացասական փորձ է ձեռք բերել Կոսովո-Մետոխիայի երկրամասում, փաստորեն աջակցելով սերբերի ջարդերին և ցեղասպանությանը տվյալ տարածքում», - ասաց քաղաքագետը, հավելելով, որ եթե Թինա Քեյդենաուն փոխարինի Մ.Բրայզաին Միսնկի խմբում, ապա դժվար է ասել, թե դիվանագետն ինչով կզբաղվի:
«Գուցե նա կգա ևս մի քրիստոնյա ազգի նկատմամբ ցեղասպանություն կազմակերպելու՞ համար: Հիշեցնեմ, որ Կոսովոյում քրիստոնյաների, ոչ ալբանացիների ջարդն է եղել կարգավորման իրական արդյունքը, ոչ թե Կոսովոյի ալբանացիների պետություն ստեղծումը,», - ասաց բանախոսը, նշելով, որ ալբանական այդ պետության ստեղծումը հնարավոր չէր լինի ցեղասպանության նախապես չենթարկելով տվյալ տարածքի ոչ ալբանական բնակչությանը:
«Ես չեմ տեսնում երաշխիք, որ տիկին Թինա Քեյդենաուն գալով կպաշտպանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության շահերը և կաջակցի մեր անվտանգության ապահովմանն ու ուժեղացմանը», - ասաց նա:
Ըստ բանախոսի, Երևանում ԱՄՆ դեսպանությունը դեռ երեկ հերքել է Թինա Քեյդենաուի պետքարտուղարի տեղակալի պաշտոնին նշանակման մասին լուրերը:
«Եթե դա իրականում լինի, ապա կրկնեմ, որ միայն ի վնաս հայկական կողմի շահերին», - ասաց նա: