Պարզաբանումներ` արտահանման-ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ
12/08/2009 14:55

Պարզաբանումներ` արտահանման-ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ

ՀՀ կառավարության վերջին 2 նիստերի ընթացքում ընդունված 3 որոշումների վերաբերյալ այսօր մի խումբ լրագրողների խնդրանքով պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Որոշումները հիմնականում արտահանման-ներմուծման մաքսային ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ են:

«Դա ուղղված է գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցմանը: Ամեն տարի այդ խնդիրն առաջանում էր մեզ մոտ, և աշնանը գյուղացիները հարց էին բարձրացնում, որ չկարողացան մթերքն արտահանել` խոչընդոտների պատճառով», - ասաց Գ. Քոչարյանը:

Կառավարության որոշումներից առաջինը ծագման երկրի սերտիֆիկատի խնդիրն է, որն ուղղված է փոքր քանակությամբ հարևան երկրներ արտահանվող գյուղացիական արտադրանքին (մեծ քանակությամբ և հեռավոր երկրներ արատհանելիս պետք է անցնել բոլոր ընթացակարգերը):

Գ. Քոչարյանը տեղեկացրեց, որ ծագման երկրի սերտիֆիկատի գինը նախատեսված է գործող 18հզ-ից իջեցնել մինչև 2000 դրամ և տարածվում է մինչև 2,5տ բեռնափոխադրումների վրա: Սերտիֆիկատը տրվում է 1 օրվա ընթացքում: Դրա համար բավական է ներկայացնել ֆիզիկական անձը` անձնագիր, իրավաբանական անձը` վկայական, նաև գյուղմթերքի մասին տեղեկանք և, եթե կա, տեղեկատվություն այն անձի մասին, որը ներմուծել է այդ ապրանքը:

«Այս սերտիֆիկատն անհրաժեշտ է ոչ թե մեր երկրի մաքսային ծառայություններ ներկայացնելու համար, այլ այն երկրներ` ուր արտահանվում է, որպեսզի այդ երկրներում ստանան արտոնություն»,- շեշտեց Գ. Քոչարյանը:

Անցած տարվանից մինչև 2,5տ գյուղմթերքների արտահանման ժամանակ բուսասանիտարական հավաստագրի համար վճարը հանված էր և զրոյականացված: Սակայն գյուղացին պարտավոր էր վճարել փորձաքննության համար:

Գ. Քոչարյանի խոսքով, ՀՀ կառավարության երկրորդ որոշմամբ, փորձաքննության համար վճարը հանվել է, և պարզեցված ընթացակարգով 1 աշխատանքային օրվա ընթացքում կտրվի հավաստագիրը:

Երրորդ որոշումը կապված է ներմուծման և արտահանման ժամանակ պարտադիր առողջապահական սերտիֆիկատի ընթացակարգի հետ: Ըստ պաշտոնյայի, այդ ցանկում կան երկակի նշանակության ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել և դեղագործական նպատակներով և այլ: Օրինակ` գիպսը, էթիլային սպիրտը և այլն:

Կառավարության որոշմամբ, այժմ առողջապահական սերտիֆիկատը պարտադիր չէ, եթե ապրանքը դեղագործական նպատակներով չի ներմուծվում: Այս դեպքում հավաստագրի հակառակ կողմում նշում է կատարվում, իսկ հետագայում պատասխանատվությունն ընկնում է տնտեսվարողի վրա:

«Եթե ներքին շուկայում սերտիֆիկացնող մարմինները հայտնաբերեն, որ այդ ապրանքը օգտագործվում է դեղագործական նպատակներով, սուբյեկտը կկրի պատասխանատվություն»,- հայտնեց Գ. Քոչարյանը:
 

Պարզաբանումներ` արտահանման-ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ