Ներկայացվել է օրհներգի ևս մի քանի տարբերակ
12/08/2009 15:58

Ներկայացվել է օրհներգի ևս մի քանի տարբերակ

Այսօր Ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայրենասիրական երգերի ժողովածուի գրքույկի շնորհանդեսը: Այն հրատարակել է ՀՀ Գրողների Միությունը, տպագրությանն աջակցել են Պաշտպանության նախարարությունն ու «Տաշիր» կազմակերպությունների միությունը` նախագահ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ:

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, գրքի հեղինակ Արտեմիսը բնակվում է Մոսկվայում, բայց լսելով, որ Հայաստանում քննարկվում է օրհներգի փոփոխության հարցը, որոշեց ներկայացնել օրհներգի իր նախագծերը:

40 էջանոց գրքույկը պարունակում է հիմնի 4 տարբերակ, ինչպես նաև սահմանապահի, Արարատի, Սարդարապատի հաղթանակի և այլ թեմաներով բանաստեղծություններ:

Մանկավարժական գիտությունների թեկնածու Ասյա Գրիգորյանն այն որակեց որպես մեծ հայրենասերի աշխատանք:

«Ստեղծեց անկախ իրենից, հայերնիքից հեռու, իր մտորումներով: Արամ Խաչատրյանի երաժշտությամբ երկնեց օրհներգի նախագծեր: 30 տարուց ավելի մշակութաբանություն է կարդացել Արտեմիսը, Մոսկվայում 2009թ.-ին արժանացել է գրական միրցանակի Գրողների Միության կողմից` իր «Գրիբոյեդովը որպես պատմության և մշակույթի երևույթ» գրքի համար, որտեղ նոր երևույթներ կան, ընդ որում գիտական շրջանառության մեջ են դրվել նաև գիտական նոր նյութեր», - բացման իր խոսքում նշեց Ա. Գրիգորյանը:

Գրքույկի խմբագիր Մարի Բարսեղյանն իր հպարտությունը հայտնեց և ասաց, որ այսօրվա շնորհանդեսը հոգու ճիչ է, հոգով ապրող մարդկանց հավաք:

«Բոլորս գիտենք` ինչ արժեք ունի զինվորի համար երգը: Հռոմեական կայսրությունը կործանվեց այն պատճառով, որ երգերը ոչ թե հուզում էին, այլ զվարճացնում: Հիմա մենք զվարճանում ենք, բայց նորանկախ պետության հայերս առնվազն 50 տարի զվարճանքի իրավունք չունենք: Մեզ պետք է գտնել մտածելու ժամանակ, այս գիրքը խորհելու առիթ կտա և հպարտանալու հնարավորություն կտա: Մեր ժողովուրդը հնուց երգ է երգել ու պար է ստեղծել, ոգի է տվել ու նոր է գնացել ռազմի դաշտ», - ասաց խմբագիրը` հավելելով, որ գրքույկը մղում է ոգեղենության, պայքարի ու հաղթանակի:

Արտեմիսն ինքը նախընտրեց ոչ թե խոսել, այլ ներկայացնել երգերը: Վերջում նրա նվագակցությամբ կատարվեցին հիմնի նախագծեր հանդիսացող երգերը:
 

Ներկայացվել է օրհներգի ևս մի քանի տարբերակ