2009-ին` 2008-ի համեմատ, Սևանից ջրբացթողումը զգալի պակաս է
12/08/2009 20:03

2009-ին` 2008-ի համեմատ, Սևանից ջրբացթողումը զգալի պակաս է

2009 թ. օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից` ոռոգման նպատակներով, բաց է թողնվել 72,95 մլն խմ ջուր, մինչդեռ 2008 թ. նույն օրվա դրությամբ` 209,4 մլն խմ:

Այս տարի ՀՀ կառավարությունը ջրառը սահմանել է մինչև 142 մլն խմ: Ընդանրապես, Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակը մինչև 170 մլն խմ ջուր է:

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Հովհաննիսյանը Aysor-ին տեղեկացրեց, որ 2008 թ. Սևանից բաց է թողնվել 302 մլն խմ ջուր: Նախապես թույլատրվել էր կատարել 240 մլն խմ բացթողում, սակայն, հաշվի առնելով, որ գյուղատնտեսության համար տարին շատ անբարենպաստ էր, տեղումները քիչ էին, ջրամբարները դատարակվել էին, ընկերությունը դիմել էր Աժ և օրենքում փոփոխություն կատարելուց հետո թույլատրվել էր բաց թողնել 360 մլն խմ ջուր: Ս. Հովհաննիսյանի ներկայացմամբ` տարվա վերջում անձրևներ եղան և Սևանից վերցվեց 302 մլն խմ ջուր:

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2008 և 2009 թվականերին ջրառի ծավալների այդքան մեծ տարբերությունը, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս տարին խոնավ էր. «Օրինակ` անցած տարի Ազատի ջրամբարում ջուր չկար, իսկ այս տարի 70-80 մլն խմ ջուր կա: Անցած տարի գետերում էլ ջուր չկար: Դա է պատճառը, որ այս տարի այդքան քիչ է ջուր վերցվել»:

Նա նաև տեղեկացրեց, որ, կախված եղանակային պայմաններից, տեղումներից, գյուղատնտեսական մշակաբույսերից, այս տարի ծրագրել են ջուր բաց թողնել մինչև հոկտեմբեր ամիս:
 

2009-ին` 2008-ի համեմատ, Սևանից ջրբացթողումը զգալի պակաս է