.jpg)
Սևանից ջրի բացթողումների արդարացվածության մասին
ՀՀ կառավարության որոշմամբ` ոռոգման նպատակով Սևանա լճից 2009 թ. Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 142 մլն խմ:
Գեղարքունիքի մարզպետարանի Բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը Aysor-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով, որ տարին առատ է տեղումներով և ջրամբարները ջրի պակաս չունեն, Սևանա լճից այդքան ծավալի ջուր բաց թողնելու կարիք չկա:
«Ամբողջ հանրապետությունում բույսերը նեխում են գերխոնավությունից»,- ասում է Հ. Համբարձումյանը և հարցադրում անում. «Ընդհանուր գետերի հոսքերը, ջրամբարներում կուտակված ջրերը չե՞ն բավարարում, որ լճից են բաց թողնում»:
Նշենք, որ Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով, այս տարի հանրապետությունում տեղումների քանակը նորմայից բարձր է եղել մինչև 30 տոսկոսով և օգոստոսին էլ խոստանում են անձրևների առատություն:
«Գյուղատնտեսական հողատարածքներն այսօր անձրևով չեն ջրվում: Անձրևը հողը պնդացնում է և հոսում գնում, ընդամենը հողի վերին շերտը թացացնում է»,- ասաց «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Հովհաննիսյանը:
Ս. Հովհաննիսյանի հավաստմամբ` օրական բացթողումները ուսումնասիրելիս պարզ երևում է, որ անձրևոտ օրերին ոռոգման նպատակներով օգտագործվող ջրի ծավալները չեն նվազում: