Ֆաթիհ Թերիմ. «Թուրքիայի հավաքականը խնդիրներ ունի»
12/08/2009 17:51

Ֆաթիհ Թերիմ. «Թուրքիայի հավաքականը խնդիրներ ունի»

Հայաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական միևնույն խմբում հայտնված Թուրքիայի ընտրանին այսօր ստուգողական խաղում կմրցակցի Ուկրաինայի ազգային թիմի հետ: Հանդիպման նախօրեին թուրք մարզիչ Ֆաթիհ Թերիմը, ինչպես տեղեկացնում է dynamomania.com-ը, պատասխանել է լրագրողների հարցերին:

- Ուկրաինայի հավաքականի հետ խաղը կարելի՞ է ընտրական փուլի հանդիպումներից առաջ գլխավոր քննություն համարել:

- Իհարկե: Չէ՞ որ հաջորդ խաղերն արդեն անց ենք կացնելու ընտրական փուլի շրջանակներում, և դրանք մեզ համար վճռորոշ են լինելու: Այժմ խնդիրներ կան թիմում, քանի որ առաջատար մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Այդուհանդերձ, պատրաստվում ենք այսօրվա դրությամբ լավագույն կազմն ասպարեզ հանել, քանի որ մեր առջև առավելագույն խնդիր ենք դնում:

- Ուկրաինայի ընտրանին բավարար չափով ուժե՞ղ մրցակից է Թուրքիայի թիմի համար:

- Ուկրաինայի հավաքականը շատ ծանր մրցակից է ինչպես տանը, այնպես էլ դրսում: Գիտենք, թե որքան բարձր մակարդակ ունի Կիևի «Դինամոն»: Մեր այսօրվա մրցակցի կազմում շատ բարձրակարգ խաղացողներ կան: Թիվ 1 ֆուտբոլիստը, իհարկե, Անդրեյ Շևչենկոն է:

- Ձեր թիմի առաջատար ո՞ր ֆուտբոլիստները չեն ժամանել Ուկրաինա:

- Մեհմետ Աուրելիոն, Էմրեն, Չիշմիրը` «Բեշիկթաշից», ինչպես նաև Մևլյութ Էրդինգը` ֆրանսիական ՊՍԺ-ից: Նշված ֆուտբոլիստները չեն կարողացել Կիև գալ, բայց թիմը մարտական տրամադրությամբ է խաղադաշտ մտնելու և ձգտելու է հաղթանակի:

- Իսկ ստուգողական այս խաղի արդյունքը որքանո՞վ է կարևոր Ձեզ համար:

- Ցանկացած խաղում էլ մենք մի նպատակ ունենք` հաղթել:


 

Ֆաթիհ Թերիմ. «Թուրքիայի հավաքականը խնդիրներ ունի»