Ինչո՞ւ Դարչինյանը հրաժարվեց IBF-ի չեմպիոնի կոչումից
12/08/2009 18:30

Ինչո՞ւ Դարչինյանը հրաժարվեց IBF-ի չեմպիոնի կոչումից

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, ինչպես հայտնի է, վերջերս հրաժարվեց IBF-ի չեմպիոնի կոչումից` հրաժարվելով մենամարտել պարտադիր հավակնորդ Նոնգգայիի հետ: «Sydney Morning Herald»-ին տված հարցազրույցում Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը հայտարարել է, որ հայ մարզիկը Թոմաս Ռոխասի հետ իր հաջորդ մենամարտն անցկացնելու է դեկտեմբերին, ուստի կհասցնի վերականգնվել այն վնասվածքներից, որոնք ստացել է Ջոզեֆ Ագբեկոյի հետ վերջին մարտում: Ըստ Նասերի` հենց այդ վնասվածքներն են Դարչինյանին ստիպել հրաժարվել IBF-ի չեմպիոնի կոչումից, քանի որ 33-ամյա հայ բռնցքամարտիկը պարզապես ի վիճակի չէր լինի անցկացնել կոչման պաշտպանության համար նշանակված պարտադիր մենամարտը Նոնգգայիի հետ:

«Այդ մենամարտը պետք է կայանար հոկտեմբերին: Ժամանակը քիչ էր, որպեսզի Դարչինյանը հասցներ վերականգնվել,- ասել է Նասերը:- Կարծում եմ` անհնար էր տեղավորվել այդքան կարճ ժամանակահատվածում: Եթե որոշեինք մենամարտել, վտանգի տակ կդնեինք մարզիկի առողջությունը: Ագբեկոյի հետ մարտում Դարչինյանը չափից շատ հարվածներ է ստացել գլխին: Իսկ պատռվածքները (հոնքերի տակ-խմբ.) խորն են և հասնում են մինչև ոսկորը»:

 

Ինչո՞ւ Դարչինյանը հրաժարվեց IBF-ի չեմպիոնի կոչումից