175 տեղ` Ստեփանակերտի  նորաստեղծ մասնաճյուղին
12/08/2009 18:58

175 տեղ` Ստեփանակերտի նորաստեղծ մասնաճյուղին

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջնորդությունը և նպատակ ունենալով նպաստել Արցախի գյուղատնտեսության ու կրթական համակարգի զարգացմանը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման, համաձայն որի` թույլատրվում է Հայաստանի պետական ագրարային համալսարանին կազմակերպել ընդունելություն ԼՂՀ Ստեփանակերտի մասնաճյուղում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սահմանվել է վճարովի 175 տեղ` առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի: Ընդունելությունը կազմակերպվելու է մրցութային կարգով:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը տեղակայված է լինելու Շուշի քաղաքում, որտեղ լայն թափով իրականացվում են ուսումնական մասնաշենքերի շինարարական աշխատանքները: Ինչպես նշում է ռեկտոր Ա. Թարվերդյանն` արդեն կատարվել են 25 մլն. դրամի ներդրումներ:

Նշված կարգավիճակով ընդունված առաջին կուրսեցիների ուսուցումը ժամանակավորապես կկազմակերպվի Հայաստանի պետական ագրարային համալսարանում մինչև մասնաշենքերի շահագործման հանձնելը:

Նշված կարգավիճակով ընդունվածների տեղափոխությունը ՀՀ այլ բուհեր, այդ թվում Հայաստանի պետական ագրարային համալսարան չի թույլատրվելու:

Նշենք, որ դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. օգոստոսի 20-ը:
 

175 տեղ` Ստեփանակերտի նորաստեղծ մասնաճյուղին