«Եվս 10 ծառ վտանգի տակ է»
12/08/2009 19:45

«Եվս 10 ծառ վտանգի տակ է»

Կոմիտասի 58 հասցեում` շուկայի դիմացի մայթին, կատարվում է շինարարություն, որի արդյունքում կտրվելու վտանգի տակ են հայտնվել մի խումբ ծառեր: Փաստի կապակցությամբ «Հանրության բնապահպանական իրավունքների պաշտպանություն` հանուն Երևանի կանաչ գոտիների պահպանման» ծրագիրը երեկ ահազանգով և նամակով դիմել է ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին և խնդրել անհապաղ միջոցներ ձեռնարկել նշված տարածքում ծառերի պահպանության համար:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, ով ծրագրի հիմնադիրներից է, նույնատիպ նամակներ են պատրաստվում ուղարկել նաև Երևանի քաղաքապետարան, Արաբկիրի վարչական շրջան և այլ պատկան մարմիններ:

«Իմ հիմնավորված ենթադրությամբ` վտանգի տակ է 10 ծառ»,- ասաց Ա. Պողոսյանը:

Նա հայտնեց, որ Բնապահպանական պետական տեսչությունից իրենց պատասխանել են, որ, բացի նախազգուշացումից, պատժամիջոցի այլ տարբերակ չունեն:

ՀՀ բնապահպանության նախարարության Երևանի բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը մեզ հայտնեց, որ մի քանի անգամ այցելել են այդ տարածք և կարգադրել են շինարարությունը դադարեցնել` մինչև փաստաթղթերը ստուգվեն:

«Բոլոր թղթերն ունեն` հողահատկացման, շինարարության թույլտվություն, բայց ծառահատման թույլտվություն չունեն»,- նշեց Ռ. Մանգասարյանը:

Նա տեղեկացրեց, որ հողատարածքը 2007 թ. հատկացվել է «Խնուս» ՍՊԸ-ին, որն, ի դեպ, պատկանում է պատգամավոր Արմեն Մխիթարյանին: Խանութը, որը միայն առաջ է քաշվում և հիմնական շինարարություն չի արվելու, պատկանում է«Իդեալ» խանութների ցանցին:

Ռ. Մանգասարյանի խոսքերով, իրենք դեմ են ցանկացած ծառահատման, սակայն եթե տարածքը սեփականության հիմունքով է պատկանում ընկերությանը և ոչ թե վարձակալության, ապա իրենք «ոչինչ անել չեն կարողանա»:
 

«Եվս 10 ծառ վտանգի տակ է»