.jpg)
Գինու փառատոն այցելեցին հայ և ուկրաինացի նախարարները
ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում շարունակվում է Գինու տոնը: Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, գինու փառատոնին ժամանեցին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում Հայաստանում գտնվող Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին, հայ և ուկրաինացի այլ պաշտոնյաներ:
Հրապարակում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, որից հետո Արենիի գյուղապետ Ժիրայր Եղոյանը ողջոնեց հյուրերին, նշելով, որ գինու տոնը համայնքում ավանդական է դարձել:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն.Երիցյանը իր խոսքում նշեց, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունն ու ՀՀ կառավարությունը միշտ սատար են կանգնելու նման միջոցառումների կազմակերպմանը: Նա հույս հայտնեց, որ ամեն անգամ նորություն և թարմություն կհաղորդվի փառատոնին:
Նկատելով, որ գինու արտադրությունը շատ երկրներում տնտեսության կարևոր ճկուղերից է, Ն.Երիցյանը նշեց, որ Արենի գյուղը Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի:
Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին, շնորհավորելով տոնի առթիվ և մաղթելով հայ ժողովրդին բարեկեցություն, նշեց, որ շատ հպարտ է ծանոթանալ Արենի գյուղի և նրա գինու հետ: