.jpg)
Գրաչևսկի. Մանկական ֆիլմերը պահանջարկ ունեն, բայց ոչ ոք չի գնում
«Ես ֆիլմի շեշտադրումն այլ բանի վրա եմ դրել: Ողջ իմաստը կայանում է նրանում, որ մենք պետք է փորձենք հասկանալ մեկս մյուսին, և երբ որ հասկանանք, ամեն ինչ ավելի հեշտ ու լավ կլինի», - հայտնեց ռեժիսոր Բորիս Գրաչևսկին` իր «Տանիք» ֆիլմի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Տանիք» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի ունեցավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում: Բոլորիս շատ հայտնի «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչևսկին այս անգամ հանդիսատեսին ներկայացավ ոչ թե հումորով, այլ դրամայով:
Ռեժիսորի խոսքերով` ինքը կարևորել է դեռահասների ու մեծահասակների հարաբերությունները: Ֆիլմում մի փոքր դրվագով նա հարց է տալիս բոլոր մեծահասակներին` «Դուք արդյո՞ք գիտեք, թե ու՞մ կողքին է ձեր զավակը նստում դպրոցում»:
«Շատ կարևոր է, հատկապես մայրերի համար, որ երեխան կիսվում է նրա հետ. այսպես նա կիմանա, թե ինչ է երեխայի հետ կատարվում, և կկարողանա ինչ-որ բանով ինչ-որ հարցում օգնել նրան: Հակառակ դեպքում իր երեխան նույնպես կհայտնվի տանիքի եզրին»,- մանրամասնեց Բ. Գրաչևսկին:
Ռեժիսորը լրագրողներին նաև հայտնեց, որ չափազանց գոհ է գլխավոր դերակատարի` Արտյոմ Արտեմևի աշխատանքով և անհարմար չի զգում գովեստի խոսքեր ասել նրա հասցեին:
Ինչ վերաբերում է դեռահաս աղջիկների դերակատարներին, ապա համապատասխան դերակատար գտնելու համար Գրաչևսկին ընտրություն է կատարել շուրջ 5000 դերասանուհիների միջև:
Խոսելով մանկական ֆիլմերի արտադրությունից ու պահանջարկից` Բ. Գրաչևսկին հայտնեց, որ, չնայած մանկական կինոն պահանջարկ ունի աշխարհում, սակայն այն պետք չէ և ոչ մեկին, ու, չնայած ինքը բազմաթիվ կինոփառատոններում բարձր գնահատականի է արժանանում` իր ֆիլմերը կինոընկերությունները չեն գնում: