.jpg)
Ոչ թե «ֆուտբոլային», այլ` «շախմատային» դիվանագիտություն
Հայ-թուրքական հարաբերություններն ավելի ճիշտ է կոչել ոչ թե «ֆուտբոլային դիվանագիտություն», այլ` «շախմատային»: Նման հայտարարություն այսօր ասուլիսում արեց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Շախմատային ոլորտը դիվանգիտության հետ ավելի մոտ է», - բացատրեց պատգամավորը:
Aysor-ի հարցին, թե այդ դեպքում ներկա իրավիճակում սպիտակ և սև խաղաքարերն ինչպե՞ս են բաշխված, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Խելոք խաղացողները հաղթում են նաև սևերով: Այնպես, որ այս հարաբերությունները նման են շախմատի և ով դիվանագիտորեն ավելի հզոր է, անկախ ֆիգուրի գույնից, կարող է հաղթանակ տանել»:
Հ. Հարությունյանի կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը մեծապես կախված է մեր պետության ներքին իրավիճակից և որքան ժողովուրդն ու կուսակցությունները համախմբված լինեն, այնքան լավ կլինի Հայաստանի համար:
Մինչդեռ, պատգամավորի համոզմամբ, որոշ կուսակցություններ և դրանց առաջնորդները ներկայիս իրավիճակն օգտագործում են ապագա նախագահական ընտրություններում գաղափարական հենք ստեղծելու համար, ինչը, սակայն, նրանց չի հաջողվի:
Անդրադառնալով Արձանագրությունները չվավերացնելու հնարավորությանը, Հ. Հարությունյանը նշեց, որ մտավախություններ ամեն դեպքում կան, բայց նախօրոք ժողովրդի մեջ «պարտվողական տրամադրություններ սերմանել չի կարելի»:
«Չես հասկանում, թե թուրքական ընդդիմությունն ինչու է դեմ և թե ինչու են այդքան ագրեսիվ: Թուրքիան` 90 տարի շարունակ հակառակը քարոզելով, կարողացել է ժողովրդի հոգեբանության մեջ մտցնել, թե հայերն են թուրքերին կոտորել», - ասաց Հ. Հարությունյանը` փաստելով, որ մենք դեմ լինելու համար գոնե պատճառաբանություններ ունենք:
Ամեն դեպքում, ըստ նրա, եթե վերջ ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ապա թուրք ժողովրդի համար աստիճանաբար կպարզվի իրողությունը:
Հ. Հարությունյանը նաև համոզմունք հայտնեց, որ Թուրքիան կվավերացնի Արձանագրությունները, քանի որ «ԵՄ մտնելը օդ ու ջրի պես պետք է նրան»: