20/10/2009 12:00
Ֆրանսիայում ավարտվեց Կոմիտասյան շաբաթը
Ս.թ. հոկտեմբերի 18-ին Փարիզի հռչակավոր Գավո սրահում տեղի ունեցած մեծ համերգով ավարտվեց Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթը Ֆրանսիայում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը, համերգին ներկա էին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայի քաղաքական և հասարակական դեմքեր, գիտության ու մշակույթի գործիչներ, նշանավոր անհատներ:
Կոմիտասի գործերի կատարմամբ հանդես եկան դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո) և Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), «Նաիրի» խումբը Հայկ Դավթյանի ղեկավարությամբ (Ֆրանսիա), «Արպեջիոն» քառյակը (Ֆրանսիա): Համերգի առանցքը կազմեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կատարվեցին Կոմիտասի հարսանեկան ու գեղջկական երգեր ու պարեր, ինչպես նաև Կոմիտասի տաղերի հիման վրա կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի հատուկ այս առիթով գրած «Մենավոր» երգերի շարքը:
Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթն սկսվել էր ս. թ. հոկտեմբերի 13-ին, Փարիզի Աշխարհի մշակույթների տանը տեղի ունեցած դասախոսություն-համերգով, որի ընթացքում երաժշտագետներ Մհեր Նավոյանը (Հայաստան) և Անտոնի Ժիրարը (Ֆրանսիա) ներկայացրեցին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը, նրա դերը հայ ազգային և համաշխարհային երաժշտության զարգացման մեջ: Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի գործերը հնչեցին Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարի սրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որն անցավ մեծ հաջողությամբ:
Նշենք, որ Կոմիտասյան շաբաթն անցկացվում էր Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների հովանու ներքո: