«Կարոտած ուսանողները դասամիջոցներին իրար կարոտած համբուրվում են»
30/10/2009 19:55

«Կարոտած ուսանողները դասամիջոցներին իրար կարոտած համբուրվում են»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը և ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը խոսեցին H1N1 վիրուսային վարակի կանխարգելիչ միջոցառումների մասին, որոնք պետք է կիրառվեն ազգաբնակչության կողմից:

Արտավազդ Վանյանը նշեց, որ H1N1 վիրուսային վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով և տեղեկացրեց, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը տպագրել և տարածել է H1N1 վիրուսային գրիպի կանխարգելման համալիր միջոցառումների մասին գրքույկներ:

«Բացի դա` մենք պատրաստել ենք մեթոդական ուղեցույցներ բուժաշխատողների համար»,- ասաց Ա. Վանյանը և հավելեց, որ այդ ուղեցույցների միջոցով բուժհիմնարկների առաջին օղակի աշխատողները կկարողանան ավելի մանրամասն տեղեկանալ այս գրիպի մասին, ինչպես նաև` կազմակերպվել է դասընթացներ բուժաշխատողների իրազեկումը բարձրացնելու համար:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության պահանջներից մասնագետները նշեցին մանկապարտեզներում, դպրոցներում բուժստուգումների անցկացումը, որը և առաջիկայում կիրականացվի:

Մասնագետները առանձնացրեցին H1N1 վիրուսային գրիպի հանդեպ ռիսկային խմբերը, որոնք են մինչև 24 տարեկանները, հղի կանայք, խրոնիկ հիվանդները:

Իր հերթին գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը շեշտեց, որ ազգաբնակչությունը պետք է որոշ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի` բարձրացնելով անձնական հիգիենան: Մասնագետը հատկապես խորհուրդ տվեց «տեղի-անտեղի» համբուրվող տղաներին հրաժարվել այդ վատ սովորույթից:

«Ես նկատել եմ` մեր կարոտած ուսանողները, դասամիջոցներին իրար կարոտած, համբուրվում են»,- ասաց գլխավոր ինֆեկցիոնիստը և ավելացրեց, որ պետք է սահմանափակվել ձեռքսեղմումով, քիչ շփվեն միմյանց հետ, չօգտվեն ընկերների բջջային հեռախոսներից, ձեռքերը շուտ-շուտ լվանալ և այլն:
 

«Կարոտած ուսանողները դասամիջոցներին իրար կարոտած համբուրվում են»